Շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ. Արմեն Սարգսյան

Հրապարակող՝

Շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ. Արմեն Սարգսյան

Ամենադիտվածներ

Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը, որտեղ այսօր այցելել են նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության և panorama.am֊ի փոխանցմամբ՝ ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից:

Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն և այլ առարկաներ: Նախագահը զրուցել է երեխաների հետ, դիտել նրանց աշխատանքները։

Հիացմունք հայտնելով կենտրոնի պայմանների և ընձեռած հնարավորությունների վերաբերյալ՝ նախագահը նշել է, որ շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ: «Այստեղ հաճախող երեխաները պետք է զգան, որ իրենք ևս 21-րդ դարի քաղաքացի են, և այստեղ՝ քաղաքից հեռու, գյուղում էլ կարող են կայանալ ու արդյունք ստեղծել»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել նաև մայրաքաղաքից և այլ քաղաքներից երեխաների փոխայցելությունն այս կենտրոն, որտեղ նրանք նույնպես կծանոթանան ոչ միայն կենտրոնին ու նրա հնարավորություններին, այլև գյուղական կյանքին:

«Սա ավելի մարդկային վայր է, և այստեղ երեխաները կարող են կայանալ որպես մարդ, որպես քաղաքացի»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է նաև սմարթ սենյակում, որտեղ երեխաները ցուցադրել են իրենց պատրաստած ռոբոտի հնարավորությունները: Նախագահը նշել է, որ այն, ինչով նրանք զբաղվում են, նրանց ապագայի գործիքն է: Նա հաջողություն է մաղթել երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանց ստեղծած ռոբոտները հետագայում ավելի կատարյալ կլինեն ու լայն կիրառություն կունենան:

Մանուկների զարգացման կենտրոնում, որտեղ այդ օրը ներկա էին նաև Գյուլագարակի մակնապարտեզից ժամանած երեխաներ, նախագահի կողմից 1 մլն դրամ նվիրաբերվեց Գյուլագարակի մանկապարտեզին:

ՍՄԱՐԹ -ի երեխաների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը գովեստի խոսքերով է անդրադարձել բնության գրկում գտնվող հրաշալի կենտրոնին՝ նշելով, որ աշխարհի քիչ տեղերում կարելի է նման բան հանդիպել: Նախագահը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը: «Ձեր գիտելիքը միշտ ձեզ հետ է, և այն երբեք չի արժեզրկվում»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանը, պատասխանելով կենտրոնի երեխաների հարցերին, նշել է. «Ձեր ապագան ձեր ձեռքերում է: Ձեր ձեռքերում է նաև երկրի ապագան»:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահին և տիկին Նունե Սարգսյանին կենտրոնի նկարչական խմբակի երեխաներն իրենց նկարած աշխատանքներն են նվիրել։ Արմեն Սարգսյանը գրառում է կատարել կենտրոնի այցելությունների նորաբաց գրքում. նրա գրառումն առաջինն էր: «Հուզիչ ու հոյակապ է»,- գրել է նախագահը:

Ամենաթարմ