ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ի պատասխան լրատվամիջոցներում հայտնված «Որսագողություն Խոսրովի անտառում. ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած բեզոարյան այծ» վերտառությամբ գրառման, հայտնում է․
«Տեղեկատվությունը ստանալուց հետո Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժնի աշխատակիցները օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են դեպքի վայր։
ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վեդու ջրամբարի ճանապարհին՝ Ուրցաձոր համայնքի վարչական տարածքում:
Նշանակվել է փորձաքննություն:
Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
Կենսաբազմազանությունը բնական ժառանգություն է, որն անհրաժեշտ է պահպանել և փոխանցել ապագա սերունդներին, հատկապես նկատի առնելով դրա կենսական նշանակությունը և այն էկոհամակարգային ծառայությունները, որոնք
այն ապահովում է։ Հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել Հայաստանի կենդանական աշխարհը»։