Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ հանցագործություններ ծնող պատճառների ու պայմանների վերացմանն ուղղված դատախազական ներգործության միջոցների կիրառումը, այդ շրջանակներում իրավասու մարմինների հետ գործակցությունը արդյունքներ են ապահովում:
«Դատախազության գործունեության վերաբերյալ պաշտոնական հրապարակումներին հետևողները հավանաբար հիշում են, որ Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում մասսայական թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 3 անձի, ուղարկվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:
Այս գործով նախաքննության ընթացքում նշանակված և իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում արձանագրվել էին մի շարք խախտումներ, որոնց՝ իբրև կատարված հանցավոր արարքներին հանգեցրած պատճառների և պայմանների վերացման նպատակով Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր էր հասցեագրել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին:
Դրանով առաջարկվել էր նմանատիպ դեպքերը կանխարգելելու, ինչպես նաև մեղավոր անձանց արարքներին լիարժեք և որոշակիության սկզբունքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու համար գործուն միջոցներ ձեռնարկել ոլորտին առնչվող իրավական կարգավորումներում անհրաժեշտ փոփոխությունները նախաձեռնելու և իրականացնելու ուղղությամբ, համապատասխան հիմքերի դեպքում քննարկել հնարավոր թերացումներ թույլ տված աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու նպատակահարմարության հարցը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ միջնորդագրով բարձրացված հարցերը դարձվել են քննարկման առարկա: Մասնավորապես, նշվել է, որ տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պաշտոնատար անձանց մեծ մասի, ներառյալ պետի գործունեությունը այլ քրեական գործի շրջանակներում ժամանակավոր կասեցված են:
Իսկ ինչ վերաբերում է միջնորդագրով նշված՝ իրավակարգավորումների հետ կապված բացերին, ապա, ըստ ստացված գրության, դրանք լուծելու նպատակով տեսչական մարմնի կողմից մշակվել և ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնին է ներկայացվել օրենսդրական փաթեթ, որն ուղղված է հստակեցնելու և պարզեցնելու տեսչական մարմնին վերապահված իրավունքների և պարտականությունների շրջանակները և վերացնելու երկակի մեկնաբանությունների տեղիք տվող հասկացություններն ու կարգավորումները»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/abrahamyangor79/posts/644233776211470