Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր ավարտվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստը: Գործով դատաքննության օր նշանակվեց հունիսի 25-ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց հրապարակայնորեն հերքում: Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։
Նախորդ նիստին Վանեցյանի ներկայացուցիչները դատարան էին ներկայացրել գրավոր ապացույցներ թեմայի վերաբերյալ մամուլում հրապարակված հոդվածներ ու ԱԱԾ-ի կողմից տարածված մեկ հաղորդագրություն, որոնց ծանոթանալու համար Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչները ժամանակ էին խնդրել: Այսօր հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը վերը նշված ապացույցների վերաբերյալ իր առարկությունները ներկայացրեց գրավոր տեսքով: Ըստ այդմ՝ հայցվոր կողմը գտնում է, որ պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներն անթույլատրելի են, քանի որ հայտնի չէ՝ դրանք ինչ կերպ են ձեռք բերվել:
ԱԱԾ-ի հաղորդագրության վերաբերյալ առարկությունում հայցվոր կողմը նշել էր վերջերես դատարանի կողմից կայացված որոշումը՝ համաձայն որի ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Առարկություններին ծանոթանալուց հետո պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայցվորի ներկայացուցչից հետաքրքրվեց՝ արդյոք ներկայացուցիչը կարող է երկու բառով ներկայացնել, թե դա ինչ գործ է և ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցված: Նշենք, որ խոսքը ԱԱԾ-ում քննվող քրեական գործի մասին է, որով Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և փողերի լվացման համար: Ի պատասխան հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն ասաց, որ խոսքը վերաբերում է հայցվորին մեղադրանք առաջադրելուն, սակայն մեղադրանքը առաջադրվել է մամուլի ասուլիսից հետո: Ալավերդյանն ասաց՝ քանի որ դատական ակտը, որով ճանաչվել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկախի խախտումը, կես ժամ առաջ են ստացել, ապա այն ավելի ուշ կտրամադրեն կողմերին:
Վահագն Գրիգորյանի ճշտող հարցին՝ այսինքն հայցվորը գործով մեղադրյալի կարգավիճակ ունի՞ Անի Ալվերդյանը դրական պատասխան տվեց: Մյուս հարցին՝ իսկ ի՞նչ հոդված է հարուցված եղել, Ալավերդյանն ասաց, որ իր կարծիքով այդ հարցը էական չէ: Վահագն Գրիգորյանի պնդմանը՝ փողերի լվացման հոդվածո՞վ է հարուցված քրեական գործը, հայցվորի ներկայացուցիչը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իր կարծիքով այս հարցը վերաբերելի չէ գործին, քանի որ դատարանի այդ որոշումը վկայակոչվել է այն նպատակով, որովհետև պատասխանող կողմը որպես ապացուցման նյութ հղում է կատարել ԱԱԾ-ի հաղորդագրությանը. «Դրանք չպետք է գործի նյութերում ներգրավվեն»,- հավելեց Ալավերդյանը:
Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ իրենց կողմից ներկայացվել են մամուլում լույս տեսած հոդվածներ, որոնք հիմնավորում են, որ արտահայտություններն ուղղված չեն Սեդրակ Քոչարյանի դեմ, թե արդեն ինչպե՞ս են հիմնավորում և ինչո՞վ, դա արդեն դատաքննության ընթացքում կպարզվի: «Ամեն դեպքում մենք նշում ենք այս պահի դրությամբ, որ մամուլում լույս տեսած հոդվածները ներկայացվել են այդ փաստը ապացուցելու նպատակով»,- ասաց Գրիգորյանը: Նա հավելեց, որ Արթուր Վանեցյանի կողմից տրված ասուլիսի հաղորդագրությունն էլ ներկայացվել է որպես ապացույց այն բանի, որ Վանեցյանը գործել է որպես պաշտոնատար անձ, ոչ թե ֆիզիկական: Իսկ քրեական գործի հարուցման վերաբերյալ ներկայացված ԱԱԾ-ի հաղորդագրությունը և լրատվական կայքում լույս տեսած նյութը ներկայացվել են՝ ընդամենը հիմնավորվելու համար, որ որոշակի փաստի առթիվ, որոշակի հանցակազմի հատկանիշներով քրեական գործ է հարուցված:
Անմեղության կանխավարկածի խախտման մասով էլ պատասխանողի ներկայացուցիչը կարծում է, որ հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդվածը մեկնաբանում է իրեն ձեռնտու տեսանկյունից: Խոսքը հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործման մասին է:
Պատասխանողի ներկայացուցչի խոսքով՝ սույն գործով պատասխանողը ֆիզիկական անձ Արթուր Վանեցյանն է, ով ապացույցը ձեռք չի բերել խախտմամբ, ընդամենը արտատպել է համացանցում օբյեկտիվորեն առկա տեղեկատվությունը: Պատասխանողի ներկայացուցչի համոզմամբ, ապացույցի ձեռք բերման գործընթացը միանգամայն օրինական է, եթե անգամ դատարանը կգտնի, որ խախտում կա, ապա Արթուր Վանեցյանը այն ձեռք է բերել լիովին օրինական ճանապարհով: Այս դրվագով Գրիգորյանը պատրաստ է վերապահումների: Միաժամանակ, պատասխանողի ներկայացուցիչը նկատեց, որ հայցվորի նկատմամբ կա հարուցված քրեական գործ`190 հոդվածի հատկանիշով և, որ ԱԱԾ-ի հաղորդագրության տարածման պահին հայցվորն ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, ինչը նաև հայցվորի ներկայացուցիչն է ընդունում: «Կարծում եմ՝ եթե դատարանը նշել է, որ այդ հաղորդագրությունը խախտում է հայցվորի անմեղության կանխավարկածը, ապա խոսքը գնում է ոչ թե ամբողջ հաղորդագրության մասին, այլ՝ խոսքը գնում է ինչ որ հատվածի ինչ-որ ձևակերպումների մասին»,- նկատեց պատասխանողի ներկայացուցիչը: Անի Ալվերդյանը, սակայն, հակադարեց՝ նշելով, որ դատարանը առանձին հատվածներ չէ, որ որպես անմեղության կանխավարկածի խախտում է համարել: Նա ևս մեկ անգամ պնդեց, որ ասուլիսի ընթացքում իր վստահորդը մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել:
Դատարանը որոշեց, որ այն փաստը, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարությունները չեն արատավորում Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, չեն հանդիսանում փաստացի տվյալներ, և որ առկա չէ զրպարտություն, դրանց ապացուցող բեռը պետք է դնել պատասխանողի վրա:
Դատարանը նախնական դատական նիստը համարեց ավարտված և որոշեց սույն գործով դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 15:30-ին: