Ժամանակն է, որ ԱՄՆ-ը քննարկման սեղանին դնի Իրանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակման հարցը, եթե նրանք շարունակեն իրենց սադրանքները կամ միջուկային հարստացումը: Իրանը չի դադարեցնի իր վատ պահվածքն այնքան ժամանակ, մինչև հետևանքներն ավելի իրական չլինեն, ինչպես օրինակ, հարձակումը նրանց նավթ վերամշակող ձեռնարկությունների վրա, ինչը հզոր հարված կլինի ռեժիմին։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանների վրա գրոհներ իրականացնելու մեջ և խոստացել պատասխանատվության ենթարկել Թեհրանին:
Հիշեցնենք, որ անցած գիշեր Եմենի հուսիթները անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել երկրի արևելքում գտնվող Saudi Aramco պետական նավթային ընկերության երկու գործարաների վրա, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Զոհերի և տուժածների, ինչպես նաև հասցված վնասի չափի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել: Մինչդեռ, հարձակումը լրջորեն ազդել է երկրի նավթարդյունաբերության ոլորտի վրա և հանգեցրել է արտադրության կրճատման՝ օրական 5 միլիոն բարելով՝ ներկայիս արտադրության ծավալի գրեթե կեսը: