«Թուրքական հոսք» գազատարի սերբական հատվածով ռուսական գազի տարանցումից Սերբիայի եկամուտները տարեկան կկազմեն 185 մլն դոլար: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Pink ալիքի եթերում։
Նա ընդգծել է, որ իրենց համար գազամուղը ռազմավարական նշանակություն ունի:
«Մենք դեռ դեկտեմբերին 403 կիլոմետր գազատար ենք կառուցել Սերբիայի տարածքում, մնացել է կառուցել չորս չափակայան և մեկ մեծ կոմպրեսորային կայան՝ Ժաբարիում: Մարդիկ «Թուրքական հոսքը» կօգտագործեն երկար տարիներ: Սերբիան, դառնալով տարանցիկ երկիր, տարանցման համար եկամուտ կստանա տարեկան 185 մլն դոլարի չափով»,-նշել է Սերբիայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Սերբիայում կստացվի 13 մլրդ խորանարդ մետր գազ, դրանից 3 մլրդ խորանարդ մետրը կմնա Սերբիայում, մնացածը կգնա Հունգարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո և Մետոքիա։
Երկրի նախագահը նաև հույս է հայտնել, որ բուլղարները գազատարի իրենց հատվածի շինարարությունը կավարտվեն մինչև մայիսի վերջը կամ մինչև հունիս, այնպես որ արդեն սեպտեմբերին կամ մինչև տարվա (2020 թ.) վերջ գազը կհասնի Սերբիա: