Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումների շրջանակներում Բելառուսի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, Ալեքսանդր Լուկաշենկոն այդ մասին պատմել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Բելառուսի նախագահը պատմել է, որ հարցը քննարկվել է 2016թ. Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում:
«Ես և Պուտինն առաջարկեցինք հանձնել 5 շրջաններն Ադրբեջանին: Նա (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը) ասաց՝ եթե հանձնի այդ շրջանները, Ադրբեջանը կկտրի ճանապարհը և կօկուպացնի Ղարաբաղը: Ես և Պուտինը խոստացանք, որ կներգրավենք մեր զորքերը և թույլ չենք տա անել դա: Նա մերժեց առաջարկը»,- պատմել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ադրբեջանական գազամուղ անցկացնելու հարցով: «Նրանք (Վրաստանն ու Ադրբեջանը, – խմբ.) խողովակ էին անցկացնում: Կարծում եմ, որ դա գազատար խողովակ էր, որը շրջանցում էր Հայաստանը»,- նշել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն պատմել է, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրեց խոսել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի այդ գազամուղն անցնի Հայաստանի տարածքով: «Ես այցելեցի Հայաստան՝ Սերժ Սարգսյանի հետ խոսելու և այդ մեսիջը փոխանցելու համար: Նա մերժեց»,- ասել է Բելառուսի ղեկավարը: