ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակմանը։ Սարգսյանը քննադատել է հրապարակումը՝ այն անվանելով պարզունակ և անհեռանկարային փորձ՝ պատասխանատվությունը 2018 թվականից հետո ԼՂ հարցում ձախողումների համար բարդելու այլոց վրա։
Նախկին նախագահը նշել է, որ եթե բանակցային գործընթացը, ինչպես պնդում են ներկայիս իշխանությունները, առավելություններ էր տալիս միայն Բաքվին, ապա ինչու էր Ադրբեջանը տարիներ շարունակ հրաժարվում համանախագահների առաջարկներից։ Սարգսյանը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի մերժումը հակասում էր ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության դիրքորոշմանը։
Սարգսյանը նաև քննադատել է 2018-ից հետո Հայաստանի նոր իշխանությունների մոտեցումները՝ նշելով, որ նրանք հրաժարվել են նախորդ տարիների բանակցային աշխատանքի արդյունքներից՝ առանց հստակ դիրքորոշում ներկայացնելու։ Այս քայլերը, ըստ Սարգսյանի, հանգեցրել են Հայաստանի դիրքերի թուլացման և 2020 թվականի պատերազմի ողբերգական հետևանքներին։

