fbpx
Արցախ

Օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

samvel shahramanyan

Օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել։

Նա նախ պատասխանել է հարցին, թե ինչու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը առաջին հարցազրույցը տալու որոշումը փոխել. «Իմ նպատակների մեջ առաջին հարցազրույցը տալը եղել է հենց Արցախի հանրայինը։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ1-ի տաղավարում հրավիրված անձինք հնչեցրել են կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, հենց այդ տաղավարից էլ ցանկանում էի հերքել եւ պարզաբանումներ տալ այդ տեղեկություններին։ Անգամ կարգադրություն եմ տվել նման հարցազրույց անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերելու։ Սակայն տևական ժամանակ մենք որեւէ պատասխան չենք ստացել։ Եվ ես հրաժարվել եմ այդ հարցազրույցը այդ տաղավարում անցկացնել։ Դրա համար այսօր այդ հարցազրույցն անցկացնում ենք Արցախի «Հանրայինի» հետ»։

«Ռազմական գործողությունները սկսվելուց հետո հասկացել եմ, որ մենակ ենք։ Ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում»,– ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Ես կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և փորձել ճշտել՝ Արցախում արդյոք կա՞ այլ թեկնածու, ում հետ պատրաստ են վարել բանակցություններ և դրա ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները։ Քանի որ Արցախում կային քննարկումներ այն հարցերի շուրջ, թե հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն՝ որպես բանակցող։ Եվ ստացել եմ ադրբեջանական կողմից բացասական պատասխան.,-հայտարարեց Արցախի նախագահը։

Հարցին, թե ինչպես առաջադրվեց իր թեկնածությունը Արցախի նախագահի պաշտոնում, պարոն Շահրամանյանը պատասխանեց. «Ես տեղյակ եմ, որ այդ հարցը շատ գեներացվում է։ Եվ կեղծ օրակարգ են մտցվել թեզեր, թե որոշակի «պադվալային» պայմանավորվածությունների արդյունքում է իմ թեկնածությունն առաջադրվել։ Դա կեղծ օրակարգ է և չի համապատասխանում իրականությանը։

Իրականում հարցն այն է, որ Արցախի Ազգային ժողովում գործող հինգ քաղաքական ուժերից չորսը դիմել են ինձ, եւ մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, որից հետո որոշել են առաջադրել իմ թեկնածությունը որպես հանրապետության նախագահ։ Դուք էլ եք հիշում, որ 2020 թվականի ընտրություններին մենք ունեցել ենք 14 թեկնածու, սակայն այս բարդ իրավիճակում մենք գրեթե չենք ունեցել ցանկացողներ, որ այդ բեռը վերցնեին իրենց վրա։ Որպես թեկնածու շոշափվում էր իմ անձը եւ, ինչքան ես տեղյակ եմ, վերջում էլ դա պարզվեց, եղել է Սամվել Բաբայանի թեկնածությունը, որին չի առաջադրել հենց իր կուսակցությունը, որ ինքը համարում է հանրապետությունում երկրորդ ուժը։

Իսկ ինչու են կանգնել իմ թեկնածության վրա, ես ուզում եմ պարզ պատասխան տալ, որ ես՝ իմ անցած ճանապարհով, և Արցախի Հանրապետությունում իմ ապրած տարիները երեւի թույլ են տվել այն քաղաքական ուժերին, որոնք առաջադրել են իմ թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ ես չունեմ հանցավոր անցյալ, չեմ դատվել ծանր հանցագործությունների համար, իմ աշխատանքի ընթացքում չեմ ունեցել յուրացումների, պետությանը հասցրած վնասի իմ նկատմամբ հարուցված քրեական գործ կամ բարոյական այլ խնդիրներ։ Եվ հենց դա է եղել պատճառը, որ այդ քաղաքական ուժերի մեջ եղել է կոնսեսուս։

Իհարկե, ես հասկանում էի, թե ինչ դժվար պատասխանատվություն է ընկնում ինձ վրա։ Եվ ես գիտակցաբար եմ գնացել այդ քայլին՝ հաշվի առնելով, որ ես չէի պատրաստվում լքել Արցախը։ Իմ ընտանիքը միշտ ապրում էր Արցախում, իմ տղան շարունակում էր ծառայել Արցախի բանակում։ Եվ այս ամեն ինչը ինձ տալիս էր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է վերցնել այդ պատասխանատվությունը եւ փորձել դուրս գալ այս ծանր իրավիճակից»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ