fbpx
Մասնակիցներ

«Շատ-շատ քաղաքական ուժեր փորձում են վիժեցնել բանավեճերը». «Մենք» դաշինքը կարկանդակներ բաժանեց

«Մենք» դաշինքն այսօր նախընտրական քայլերթ է իրականացնում Երևանում։ Կենտրոնում դաշինքի անդամները քաղաքացիներին կարկանդակներ բաժանեցին։ Դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանն այդ կարկանդակները հայկական ավանդույթի ամենալավ ու բարի խորհրդանիշ անվանեց։

«Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև ժողովրդի հետ, դա՝ զուտ սիմվոլիկ առումով, մեր տատիկներից և պապիկներից եկած խորհուրդ է»,- ասաց Խ.Քոքոբելյանը՝ հերքելով, որ կարկանդակները կարող են դիտարկվել՝ որպես կաշառք։

Նա նշեց, որ փորձում են խոսել քաղաքացիների հետ, լսել նրանց ու տեղեկացնել իրենց ծրագրերի մասին։ Ըստ նրա՝ այս կարճ ժամանակում հատկապես շատ-շատ քաղաքական ուժեր փորձում են վիժեցնել բանավեճերը, նաև, որ դրանք բովանդակային ու քաղաքական չլինեն. «Դա այլևս ակնհայտ է, նույն սև ու սպիտակի առումով էլ է այդպես, իսկ մեր հասարակությունն արժանի է և՛ լավը լսելու, և՛ հնարավորություն ունենա տարբերակելու»։

Խ.Քոքոբելյանի խոսքով՝ շատ քաղաքական ուժեր փորձում են խուսափել բովանդակային, առկա խնդիրների, մենաշնորհների մասին խոսել. «Շատ միտումնավոր է դա արվում, որովհետև եթե ասելիք չեն ունենում և նշաձողն իջեցնում են, որպեսզի խոսվի միայն անձնական բնույթի խնդիրներից, որը մենք երբևիցե չենք անի։ Մենք էապես տարբերվող, ընդգրկուն, ապացուցողական մեթոդաբանության վրա հենված, բոլոր թվերը հաշվարկված և նոր մոտեցումներով հարուստ քաղաքական ծրագիր ենք առաջարկել մեր հասարակության դատին»։

Խ.Քոքոբելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իշխանությունից հեռացնել հանցավոր կլանին, դափնիները Փաշինյանինն ու իր թիմինն է, բայց այսօր ռեալ քայլեր անելու ժամանակն է, և իրենք առաջարկում են լիովին տարբեր ծրագիր։

Խ.Քոքոբելյանը բանավեճի հրավիրեց իշխանության լիդերներին՝ հիմնավորելով, որ արտաքին քաղաքականության հետ կապված գրեթե բոլոր ուժերը կրկնում են իշխանության մոտեցումները, իսկ իրենք ներկայացրել են տարբերվող ծրագիր, ու հասարակությունը պետք է հասկանա երկուսի տարբերությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ