fbpx
Աշխարհ

Շրի Լանկայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել չտրվել իսլամատյացությանը

Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հանրությանը կոչ է արել հրաժարվել հակամուսուլմանական հռետորաբանությունից: Պետության ղեկավարն այս հայտարարությունը կատարել է իր նստավայրում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Պայթյունների պատճառով, որոնք իրագործել են մի քանի ծայրահեղականներ, մուսուլմանների հանդեպ ատելությամբ մի լցվեք: Որովհետև բոլոր մուսուլմանները դատապարտում են այս հրեշավոր հարձակումը»,- շեշտել է Սիրիսենան: Նա հավաստիացրել է, որ շուտով տեղական ահաբեկչական խմբավորումների անդամները կկալանավորվեն, և Շրի Լանկան կկարողանա վերադառնալ նորմալ կյանքին:

Շրի Լանկայի բնակիչների մեծամասնությունը բուդդայականներ են, մնացյալը՝ հինդուիստներ, մուսուլմաններ, քրիստոնյաներ: Ինքը՝ Մայթրիփալա Սիրիսենան բուդդայական է ու բուսակեր: 2018 թվականի մարտին այս երկրի իշխանությունները արտակարգ դրություն էին սահմանել մուսուլմանների և սինհալների միջև բախումների պատճառով, որոնք կազմում են երկրի բնակչության մեծ մասը:

Շրի Լանկայում ապրիլի 21-ին տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը: Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքներում ընդհանուր տեղի էր ունեցել 8 պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի ժամերգության ժամանակ և հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այս թիվը բժիշկները սխալմամբ մեծացրել են: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է մոտ 250 մարդ: Հայտնի է, որ ձերբակալվածների թիվը կազմում է մոտ 80:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ