Շրի Լանկայում 200 պայթուցիչների պահեստ են գտել

Շրի Լանկայի ոստիկանության աշխատակիցները ստուգարշավի ընթացքում պայթուցիկ սարքերի համար նախատեսված մոտավորապես 200 դետոնատորների պահեստ են հայտնաբերել երկրի կենտրոնական մասի Նուվարա Էլիա քաղաքում: Այս մասին ապրիլի 25-ի հայտնել է հանրապետության իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարան: Ոստիկանի ասելով` մայրաքաղաքի շրջանում իրավապահները երեք մարդու են բերման ենթարկել 21 նռնակ պահելու համար: Նրանց մոտ նաև հայտնաբերվել են վեց միավոր սառը զենք և փոքր հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք:

Երկրի տարբեր շրջաններում հակաահաբեկչական գործողությունները մինչ այժմ շարունակվում են:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում և երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արևմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Ահաբեկչական գործողություններում գործի են դրվել ինը մահապարտ-ահաբեկիչներ, որոնցից ութի ինքնությունն արդեն պարզված է: Նրանք Շրի Լանկայի քաղաքացիներ են:

Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետևանքով զոհվել է 359 մարդ, տուժել է ավելի քան 500 հոգի: Պայթյունների հետաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 76-ի: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, թեև խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել:

Ամենաթարմ