Մշակույթ

Ազգային գրադարանում ցուցադրվել են Շուշիում տպագրված գրքերից օրինակներ

Արցախում գրահրատարակչական գործունեության սկզբնավորումը և հետագա զարգացումը անխզելիորեն կապված են Շուշի քաղաքի հետ, որը 19-րդ դարում դարձել էր ժամանակի առևտրական, արհեստագործական ու մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։

Հայաստանի ազգային գրադարանը հայտնում է, որ մեծ ցուցասրահում բացված գրականության և պարբերական մամուլի ցուցադրությանը ներկայացված էին Շուշիում տպագրված գրքերից և պարբերական մամուլից օրինակներ, որոնք պահվում են Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում։

Ցուցադրությունն առանձնացված գրականությունը ներկայացված էր ըստ տպարանների՝ ժամանակագրական կարգով։ Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակից Արմինե Մկրտչյանը խոսեց Շուշիի տպարանների գործունեության մասին և ներկայացրեց ցուցադրվող գրականությունը։

1905 թվականից հետո Շուշիում գործել են Բագրատ Տեր Սահակյանի և Մելքոն Բաբաջանյանի տպարանները, որոնց գործունեությունն ընդհատվել է 1920 թվականին։ Այդ ժամանակամիջոցում հրատարակվել են բազմաթիվ գրքեր: Իսկ 1874 թվականից սկսած մինչև 1920 թվականի մարտը Շուշիում լույս է տեսել 2 տասնյակից ավելի անուն թերթ և հանդես, որոնցից միայն 3-ը՝ ռուսերեն: Շուշիում լույս տեսած առաջին պարբերականը «Հայկական աշխարհն» էր, որն անջնջելի հետք է թողել մեր պարբերական մամուլի պատմության մեջ: Օգտավետ նախաձեռնությունների հետևորդներ դարձան արցախյան հետագա պարբերականները՝ «Հայկա հանդեսը» 1896-1916, «Ղարաբաղ» 1911-1912, «Միություն» 1913, «Միրաժ» 1913-1917, «Փայլակ» 1915- 1917, «Ծիածան» 1916, «Պայքար» 1916, «Նեցուկ» 1917, «Եռանդ» 1917, «Աշակերտ» 1917, «Ապառաժ» 1917, «Սրինգ» 1917, «Ղարաբաղի սուրհանդակ» 1919, «Արցախ» 1919, «Նոր կյանք» 1919, «Գյուղացիական կոմունա» 1920 և այլ պարբերականներ:

Շուշիի գրահրատարակչական գործունեության մասին առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք ուսումնասիրել ե.գ.թ. Կարինե Ղուլյանի «Շուշիի տպագրության զարգացման պատմությունից» հոդվածը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ