Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպումների շարք է սկսել համայնքային մանկապարտեզների տնօրինության հետ: Փոխքաղաքապետի առաջադրած պահանջները հստակ են. աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացում, կարգապահություն, սննդամթերքի անվտանգության ապահովում, կրթադաստիարակչական ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ:
«Կարծում էի, որ տարվա համար այն հիմնական չափորոշիչները, որոնք սահմանել էինք մեր աշխատանքային սկզբունքներում, պետք է բավարար լինեին, որ ամբողջ տարվա համար մենք պահպանեինք այդ մոտեցումները, բայց թեժ գծերով ստացված զանգերը, քաղաքացիների հետ շփումները, ծնողների հետ շփումները, համացանցում և մեր հարթակներում ծնողների արտահայտած կարծիքները, մեզ հասած տվյալներն ու մեր կողմից արված ուսումնասիրությունները խոսում են հակառակի մասին: Պարզվում է, որ ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք քննարկման, պատասխաններ ակնկալելու անհրաժեշտություն ունեն»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ խնդիրներն ուղիղ դրամահավաքությունից տեղափոխվել են այլ դաշտ. հաճախակի են դարձել դրամահավաքության դեպքերը՝ տոնակատարությունների կազմակերպման, գրենական պիտույքների ձեռք բերելու, հագուստ գնելու և ծննդյան տարեդարձի միջոցառումներ կազմակերպելու համար:
«Այս արգելքը մենք անում ենք սոցիալական հավասարության համար, որ գոնե երեխաներն իրար մեջ տարբերություն չտեսնեն: Ես չեմ ուզում, որ մենք ավելի կոշտ մեթոդների դիմենք, բայց հստակ ասում եմ` բացառեք տարատեսակ միջոցառումների համար ծնողներից տարբեր չափերի գումարներ հավաքելը: Ես ուզում եմ, որ մանկապարտեզների միջև մրցակցությունը տեղափոխենք ուրիշ դաշտ, ավելի բարեխիղճ, սրտացավ ու հարգալից աշխատանքի դաշտ»,- ասում է Տիգրան Վիրաբյանը:
Նման ձևաչափով հանդիպումներ Երևանի քաղաքապետի տեղակալը կունենա բոլոր վարչական շրջաններում: Տիգրան Վիրաբյանն արդեն հանդիպել է Շենգավիթ, Էրեբունի և Ավան վարչական շրջանների մանկապարտեզների տնօրենների հետ:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։