Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 18-ամյա Շանթ Նավոյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, նրա մասին երգ ու տեսահոլովակ է ներկայացվել։
Գաղափարը ծնողներինն է, որն իրագործվել է խոսքերի հեղինակի՝ Ավետ Բարսեղյանի, երաժշտության հեղինակ՝ Արսեն Գրիգորյանի և կատարողի՝ Սոնա Ռուբենյանի միջոցով:
Երաժշտությունը գրվել է սեպտեմբերի սկզբին, իսկ երգի բառերը՝ պատերազմի տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին։
Մինչ բառերը գրելը՝ Ավետ Բարսեղյանը նախ ծանոթացել է Շանթի հետ կապված հիշողություններին և պատմություններին։
Երգն անվանվել է «Կարոտի նռնենի». ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ դրանից հետո Շանթն ու նռնենին միմյանցից անբաժան են եղել:
Պատերազմի օրերին Շանթն իր նոթատետրերից մեկում գրել է․ «Երրորդ օրն էր, արագ տեղափոխվեցինք հիմնական կրակային կետ ու սկսեցինք արկեր իջեցնել՝ կրակելու համար: 80 կգ արկերն իջեցնելուց աչքս ընկավ ինձնից մի 30 մետր հեռու գտնվող մեծ ու կարմիր պտուղներով նռնենու վրա: Երկու օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել: Ոտքերս վազում էին՝ մեքենայից արկ իջեցնելու, բայց աչքս նռնենուց չէր կտրվում: Ուշք ու միտքս ծառին մոտենալն ու նուռ խժռելն էր:
Ականջիս սուլոց լսվեց, գլուխս վախվորած թեքեցի վերև, ու վրաս կարմիր անձրև թափվեց: Պայթյունը մի պահ խլացրել էր, ինձ գցեցի գետնին ու սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ՝ բոլորը լավ են…: Չորսն էլ լավ էին: Նայեցի կողքերս՝ ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար. արկն ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել…: Նրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում: Տպավորություն էր, թե ընկեր եմ կորցրել: Քայլեցի թաքստոց, նստեցի հողին ու սկսեցի դեմքս մաքրել քաղցր կարմիրից: Իմ ուղղությամբ կրակված առաջին արկն իր վրա վերցրեց նռնենին»:
Արցախյան 44-օրյա պատերազմում Շանթ Նավոյանը մարտնչել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ «Մենք առաջ ենք գնում» խոսքերով 18-ամյա զինծառայողը պատերազմի ամբողջ ընթացքում գոտեպնդել է ծնողներին, համոզել, որ ամեն բան կարգին է, ինքը լավ է։
Վերջին հեռախոսազանգի ժամանակ Շանթը մորն ասել է՝ «Մի տեսակ հոգնած եմ, մամ, գնամ, քնեմ»: Դա եղել է մոր և որդու վերջին զրույցը: Շանթ Նավոյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ պատերազմի ժամանակ առաջին անգամ հայտարարված հրադադարից րոպեներ անց: