23 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը հնարավոր է պատժից վաղաժամկետ ազատ արձակվի: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալի փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Պրոբացիայի ծառայությունը դրական եզրակացություն է տվել, և ՔԿՀ-ն դիմել է դատարան պատժից վաղաժամկետ ազատ արձակելու համար, դատական նիստը նշանակված է օգոստոսի 20-ին»,-ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ 23 տարիների ընթացքում Աշոտն անընդհատ զղջացել է կատարվածի համար, ներում խնդրել ու այժմ տուժողների իրավահաջորդները դեմ չեն, որ Աշոտը վաղաժամկետ ազատ արձակվի:
Նշենք, որ Աշոտ Մանուկյանը մեղադրվել և ազատազրկվել է 1996 թվականին Հայաստանի զորամասերից մեկում երեք զինծառայող սպանության համար:
7 տարի գնդակահարության սպասելուց հետո 2003թ օգոստոսի 1-ին Աշոտ Մանուկյանին ներում շնորհվեց ու մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: