Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է չճանաչված Մերձդնեստրից զինվորականների՝ ռուսական բանակ հավաքագրման սպառնալիքի մասին և սպառնացել է զրկել նման մարդկանց Մոլդովայի քաղաքացիությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մոլդովայի Հանրապետության արևելյան շրջաններում առկա է Մոլդովայի քաղաքացիների մոբիլիզացիայի վտանգ: Նման գործողությունները կանխելու համար մենք վերլուծում ենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող և ագրեսորի կողմից կռվելու համաձայնած անձանց Մոլդովայի Հանրապետության քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը: Մենք նաև ուսումնասիրում ենք ավելի խիստ պատժի հնարավորությունը Մոլդովայի այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են լինել վարձկան», – ասել է նախագահը Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Բացի այդ, Քիշնևը կխնդրի Ռուսաստանի Դաշնությանը բանակ չհավաքագրել այդ երկրում բնակվող Մոլդովայի քաղաքացիներին:
«Ես խնդրել եմ արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությանը երկկողմ խորհրդակցություններ նախաձեռնել Ռուսաստանի Դաշնության հետ՝ մոբիլիզացիոն գործընթացում Ռուսաստանում բնակվող Մոլդովայի քաղաքացիների հավաքագրման դեպքերը բացառելու համար: Նախարարությունը նաև աջակցություն կտրամադրի Մոլդովայի քաղաքացիներին, որոնք ցանկանում են Ռուսաստանից հայրենիք վերադառնալ»,-ասել է Սանդուն։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին, ՌԴ նախագահը հայտարարել է մասնակի մոբիլիզացիայի մասին: