Paramount ֆիլմարտադրող ընկերության` Spice Girls խմբի անդամների մասին անիմացիոն ֆիլմի ստեղծման աշխատանքներն «ընթացքի մեջ են»: Տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 44-ամյա Մել Բին, 43-ամյա Էմմա Բանթոնը, 45-ամյա Մել Սին և 47-ամյա Ջերրի Հոլիուելն աշխատում են դեռևս անցյալ ամիս հայտարարված նախագծի վրա, որին միացել է նաև 45-ամյա Վիկտորյա Բեքհեմը:
Անցյալ ամիս հայտնի էր դարձել, որ Spice Girls խմբի անդամների մասին անիմացիոն ֆիլմ կնկարահանվի, և որ այն կներառի 1990-ական թվականների խմբի խորհրդանշական մեղեդիները:
Paramount Animation-ի նախագահ Միրեյ Սորիան հայտնել էր, որ խումբը «ներկայացրել է գաղափար, որին մենք ընթացք ենք տվել»:
Հիշեցնենք, որ խումբը վերջերս համերգային շրջագայություն է ունեցել. 2019 Spice World tour-ի շրջանակում աղջիկները շրջագայել են Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Իռլանդիայում:
Շարունակելով իրենց հաղթարշավը՝ լուրեր են շրջանառվում, որ խումբը մտադիր է նոր երգով հանդես գալ:
«Նրանք սկսել են նոր ծրագրի շուրջ աշխատել»,- հայտնել է խմբին մոտ աղբյուրը և հավելել, որ ծրագիրն իր սաղմնային փուլում է, բայց բոլորը շատ ոգևորված են այդ կապակցությամբ: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մոդելավորող Վիկտորյա Բեքհեմը ներգրավված է այդ աշխատանքներում, աղբյուրը պատասխանել է. «Նրանք նաև կապի մեջ են Վիկտորյայի հետ: Ես կարծում եմ, որ շատ հնարավոր է»: