«Սարդ-մարդը» (Spider-Man) հանրահայտ անիմացիոն եռապատումի սպասվող` «Spider-Man: Beyond the Spider-Verse» ֆիլմի չավարտված կադրերի զգալի արտահոսք է տեղի ունեցել համանցանցում, ինչն արժանացել է համահեղինակ և պրոդյուսեր Քրիստոֆեր Միլլերի խիստ քննադատությանը:
Համանցանցում տարածվել է շուրջ չորսուկես րոպե տևողությամբ տեսանյութ, որն, ըստ երևույթին, ներառում է ֆիլմի բացման տեսարանը և թրեյլերի ոճով հավաքված կադրեր։ Այն սկսվում է հենց այնտեղից, որտեղ ավարտվել էր 2023 թվականի «Across the Spider-Verse» ֆիլմը՝ ցուցադրելով գլխավոր հերոս Մայլզ Մորալեսին Երկիր-42-ում գերության մեջ իր նմանակի և հորեղբայր Ահարոնի մոտ:
Քրիստոֆեր Միլլերը X սոցիալական ցանցի իր էջում դատապարտել է տեղի ունեցածը՝ նշելով. «Չեմ սիրում չավարտված, ոչ ամբողջությամբ մշակված կադրերի արտահոսքերը»: «Sony Pictures» կինոստուդիան առայժմ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տվել միջադեպի վերաբերյալ:
Թեև արտահոսքի հստակ աղբյուրն անհայտ է, Sony-ն նախկինում՝ ապրիլին կայացած CinemaCon կինոցուցահանդեսի ժամանակ, ոլորտի ներկայացուցիչներին և երկրպագուներին ցուցադրել էր ֆիլմից որոշ հատվածներ: «Beyond the Spider-Verse»-ի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է միայն 2027 թվականի հունիսի 18-ին, ինչը նշանակում է, որ արտահոսքը տեղի է ունեցել պաշտոնական թողարկումից ավելի քան մեկուկես տարի առաջ:
Ֆիլմի սցենարի հեղինակներն ու պրոդյուսերներն են Ֆիլ Լորդը, Քրիստոֆեր Միլլերը և Դեյվիդ Քալահեմը, իսկ ռեժիսորներն են Ջասթին Ք. Թոմփսոնն ու Բոբ Պերսիչետին: Գլխավոր հերոսներին հնչյունավորում են Շամեյկ Մուրը (Մայլզ Մորալես) և Հեյլի Սթայնֆելդը (Գվեն Սթեյսի): Այս ֆրանշիզը մեծ հաջողություն է գրանցել ամբողջ աշխարհում. 2023 թվականին թողարկված «Across the Spider-Verse»-ը հավաքել է ավելի քան 690 միլիոն դոլար, իսկ 2018 թվականի առաջին ֆիլմը՝ «Into the Spider-Verse»-ը, արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ:

