fbpx
Հասարակություն

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարի

Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցն է:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, ուժգնությունը՝ 6,8-7,2 մագնիտուդ։

Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 միլիոն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի։

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ ավերվեցին Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։

Զոհվեց 25 հազար մարդ: Անօթևան մնաց 514 հազար մարդ: Փլատակներից հանվեց ողջ մնացած 45 հազար մարդ, հոսպիտալացվեց՝ 12 հազար 500-ը:

Նյութական կորուստների արժեքը հաշվարկվել է 10 միլիարդ դոլար։

Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ-ից հումանիտար օգնություն խնդրեց (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։

113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն ուղարկեց Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով։

Չնայած տարիներ շարունակ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերին, Գյումրին ու Սպիտակը դեռ ամբողջությամբ չեն մաքրվել տնակներից և «աղետի գոտի» կնիքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ