ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ Փետրվարի 25-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող «Խորհրդարանական պրակտիկա և ֆելոուշիփ» ծրագրի 2021 թվականի խմբի ավարտական միջոցառումը: Մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը, մեր երկրում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը, ծրագրի անմիջական ղեկավարները, մասնակիցները և ներկայացուցիչներ խորհրդարանի աշխատակազմից:
Ծրագրի մասնակիցներն իրականացրել են մեդիամոնիթորինգ, քաղաքացիների դիմումների ուսումնասիրություններ, տրամադրել խորհրդատվություններ, կատարել միջազգային փորձի ուսումնասիրություններ և վերլուծություններ, թարգմանություններ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով շրջանավարտներին, կարևորել է խորհրդարանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ:
- Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին
- Արարատ Միրզոյանը ընդունել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին
«Խորհրդարանը մշտապես պահպանում է կապը երիտասարդ հետազոտողների, մասնագետների և գիտնականների հետ, և այս ծրագիրն այդ կապն ամրապնդելու հերթական հնարավորությունն է: Ծրագրի շրջանավարտները, անցնելով իրենց պրակտիկան խմբակցությունների, պատգամավորների գրասենյակներում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում ձեռք են բերել գիտելիքներ, նոր ու կարևոր հմտություններ: Վստահ եմ, որ իրենց աշխատանքով և ջանասիրությամբ նրանք ուրույն ավանդ են ունեցել նաև խորհրդարանի աշխատանքներում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
Խորհրդարանի փոխնախագահը շնորհավորել է շրջանավարտներին հերթական նշաձողն անցնելու համար՝ նշելով, որ գիտելիքների շարունակական խորացումը և զարգացումը Հայաստանի հզորացման, մեր երկրում ժողովրդավարական գործընթացների շարունակական զարգացման հիմքն են:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն նշել է, որ երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տրվել փորձ ձեռք բերել՝ նպաստելով կայուն ժողովրդավարական, բարգավաճող համայնքի ձևավորմանը, ինչպես նաև ունենալ հզոր, ներկայացուցչական խորհրդարան: Շրջանավարտներից մեկն իր նոր գաղափարներով արդեն միացել է ԱՄՆ ՄԶԾ-ի թիմին: Ջոն Ալելոյի խոսքով՝ պատրաստ են նաև 2022 թվականի դասընթացներին:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը տեղեկացրել է, որ այս շաբաթ մեկնարկել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի նոր պրակտիկանտների ուսումնական գործընթացը: Վերջիններս ծանոթացել են ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ, անցել ներածական դասընթաց և ուսումնասիրել խորհրդարանի գործունեության առանձնահատկությունները: Վահան Նարիբեկյանի ներկայացմամբ՝ տարեցտարի ավելանում է երիտասարդ մասնագետների՝ խորհրդարանում պրակտիկա անցնելու հետաքրքրությունը: Նա ևս շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Լորա Նիքոլսն ընդգծել է ջանասեր աշխատանքը, որն իրականացվել է վերջին երկու տարիներին:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման փուլում ծրագրի մասնակիցները համատեղ կազմել և խորհրդարանին են ներկայացրել «Պատգամավորի ձեռնարկ» ժողովածուն, որը շուտով կհրատարակվի և կփոխանցվի բոլոր պատգամավորներին: Ձեռնարկում առանձին բաժիններով ներկայացված են պատգամավորի իրավունքներին ու պարտականություններին, խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական նախաձեռնություններին, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող տեղեկություններ:
Միջոցառման ավարտին շրջանավարտները ստացել են հավաստագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: