Աշխարհ

Ստամբուլահայ համայնքի մի խումբ դատական հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ

Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում թեկնածուների նկատմամբ սահմանափակումներ մտցրած պետության որոշման դեմ ստամբուլահայ համայնքի մի խումբ քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, ստամբուլահայ քաղաքացիների խումբը, որոնք իրենց անվանում են «Հասարակական նախաձեռնություն», հայտնել են Թուրքիայի ՆԳ նախարարության կողմից Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված սկանդալային կանոնակարգի չեղարկման համար դատական հայց ներկայացնելու մասին։

«Հասարակական նախաձեռնության» տարածած հայտարարության մեջ նշվել է. «Տեղապահ, Սրբազան Սահակ Մաշալյանին, Կրոնական ժողովի առաջնորդ, Սրբազան Արամ Աթեշյանին և «նախաձեռնող խմբին» մեր բազմաթիվ կոչերը արդյունք չտվեցին։ Ապագա սերունդների աչքերի մեջ նայել կարողանալու և ավելի հուսալի ապագա ունենալու համար ընտրությունների դադարեցման և պետության կանոնակարգի հետ կապված իրավական գործընթաց ենք սկսել»։

Նշենք, որ Թուրքիայի ՆԳ նախարարության կողմից Հայոց պատրիարքարան ուղարկված կանոնակարգում նշվել է, որ ընտրությանը կարող են մասնակցել միայն Պոլսո հայոց պատրիարքարանի ենթակա հոգևորականները։

Մինչ այս ընտրություններին կարող էին մասնակցել Թուրքիայում ծնված և աշխարհի ցանկացած վայրում հոգևոր ծառայություն իրականացնող հայ հոգևորականները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ