fbpx
Աշխարհ

Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-ի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները

Գերտերությունների միջև մրցակցությունը, ահաբեկչությունը և կիբեռհանցավորությունը գլխավոր մարտահրավերներն են, որ այժմ կանգնած են ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների առջև։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նոր Զելանդիա այցի շրջանակում իր ելույթի ժամանակ: Գլխավոր քարտուղարի ելույթը հրապարակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

Նա որպես առաջնահերթ սպառնալիք նշել է խոշոր տերությունների՝ մասնավորապես Ռուսաստան և Չինաստանի միջև մրցակցության ուժգնացումը: Նա ասել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունների մեծացումը սպառնալիքի տակ է դնում կանոններով հաստատված կարգը և գլոբալ գերակայության համար պայքարի ակտիվացման ցուցիչ է: Որպես Ռուսաստանի «ագրեսիվ» գործողությունների օրինակ գլխավոր քարտուղարը նշել է 2014 թվականին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, օգոստոսի 2-ին Ռուսաստանի դուրս գալը Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից, ինչպես նաև այլ երկրների ժողովրդավարական գործընթացներին միջամտությունը:

Ըստ Ստոլտենբերգի՝ երկրորդ գլոբալ մարտահրավերը ահաբեկչությունն է: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է մարտի 15-ին նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթի վրա հարձակման մասին, որոնց հետևանքով զոհվել էր 51 մարդ, ևս 50-ը՝ վիրավորվել, ինչպես նաև Օսլոյի և Ուայթ կղզու ճամբարում ահաբեկչությունների մասին, որոնք տեղի էին ունեցել 2011 թվականին, երբ ինքը Նորվեգիայի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում:

«Մենք պետք է դատապարտենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը՝ անկախ դրանց ձևից ու բնույթից»,- հայտարարել է նա:

Ստոլտենբերգը ևս մեկ սպառնալիք է համարում կիբեռտեխնոլոգիաների և դրանց հետ կապված հանցավորության զարգացումը:

«Մենք սկսել ենք հասկանալ, որ կիբեռհարձակումները նույնքան վտանգավոր են, որքան սովորական հարձակումները»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է ցանցային տարածքում իր ինստիտուտների պաշտպանության ուղղությամբ:

Ելույթի վերջում Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել համագործակցությունն ամրապնդել, որ հաղթահարեն անորոշությունն ու անկանխատեսելիությունը, որոնց բախվում են ներկայիս միջազգային իրադրության պայմաններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ