fbpx
Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանը՝ Սասուն Միքայելյանին «ՔՊ»-ից հեռացնելու մասին

Սասուն Միքայելյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու հարց կուսակցությունում չի քննարկվել: Այս մասին ասաց ՔՊ վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Հարցին՝ ծանո՞թ է Միքայելյանի հայտարարություններին առ այն, որ բոլորը պետք է սթափվեն և որ ոչ ոք իրավունք չուներ ասելու, թե Վանեցյանն ուսադիրներն աղբաման է նետել, թեև այդ հայտարարությունն արել է վարչապետը, Պապիկյանն ասաց. «Սասուն Միքայելյանի հետ այդ դեպքից հետո չեմ խոսել: Բացի այդ խնդիրը ներկուսակցական է, եթե այդպիսի խնդիր կա, առհասարակ, կարծում եմ՝ դա հանրայացնելու իմաստ չկա, հանրայնորեն քննարկելու կարիք չկա»:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, հատկապես՝ դժգոհություններին, որ Փարաքարում համայնքապետ է ընտրվել 5 տարով ազատազրկված անձ, ինչն էլ քննադատությունների առիթ է հանդիսացել, և խոսվում է նաև նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, Պապիկյանն ասաց, որ նման իրավական հիմք չկա:

«Ի՞նչ իրավական հիմքով, եթե կա իրավական հիմք, խոսենք, բայց դրա համար չկա իրավական հիմք: Հիմա ես չեմ ուզում արդարացնել կամ քաջալերել երևույթը, բայց մի բան հստակ է, որ տվյալ համայնքի բնակչությունը, ճանաչելով իրենց համայնքի բնակչին, վստահության քվե է տվել նրան: ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում քրեական անցյալի համար չմասնակցել ՏԻՄ ղեկավարի ընտրություններին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նորաշենի բողոքի ակցիային, որտեղ պահանջում են մարզպետի հրաժարականը, քանի որ նա քաղաքական դրդապատճառներով համայնքի ղեկավարին ազատել է աշխատանքից, Պապիկյանը պատասխանեց. «Դրա համար կա համապատասխան իրավական հիմք, խոսքը վերաբերում է վեց ամիս շարունակ ավագանու նիստ չգումարելուն: Ավագանին դիմել է մարզպետին, մարզպետն իր լիազորությունների շրջանակներում իրականացրել է իր առջև դրված խնդիրը»:

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ