fbpx
Հասարակություն

Կուսումնասիրվեն արծվաշենցների բնակարանային խնդիրները

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն երեկ ընդունել է Արծվաշենի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Լսելով արծվաշենցիների խնդիրները և մտահոգությունները՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը կասկածի տակ չի դնում այն առանձնահատուկ կարգավիճակը, որ ունեն արծվաշենցիները` 1992թ. օգոստոսի 8-ի ռազմական գործողությունների և իրենց համայնքից բռնի տեղահանման հետևանքով։

Միաժամանակ նախարարը հայտնել է, որ Ճամբարակ համայնքում սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում պետության միջոցների հաշվին իրականացվելու են սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ, իսկ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով համայնքում նախատեսվում է կառուցել N1 հիմնական դպրոցը, որտեղ այժմ իրականացվում է շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը։

Նարարարությունից հայտնում են՝ հաշվի առնելով քաղաքացիների մտահոգություններն առ այն, որ համայնքում առկա են վթարային բնակարաններ՝ նախարարը հանձնարարել է մարզպետին ձևավորել աշխատանքային խումբ, որը տեղում կուսումնասիրի Ճամբարակում բնակվող արծվաշենցիների սոցիալական ու բնակարանային պայմանները և կգույքագրի ամրացման կարիք ունեցող բնակարանները։

Նշենք, որ երեկ Արծվաշեն գյուղի նախկին բնակիչները, որրոնք արդեն 30 տարի բնակություն են հաստատել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում` տարիներ առաջ Մալականների կողմից կառուցված փայտաշեն տնակներում,  փակել էին Երևան-Սևան մայրուղին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ