Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու, այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու մասին փաստաթուղթը։
«Տաջիկստանի նախագահը սատարում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար», – ասել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Ria.ru-ն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին։
Զասն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Այդ երկրների ղեկավարները հավանություն են տվել բելառուսական կողմի թեկնածությանը:
Նշենք, որ այս փաստաթուղթը պետք է ստորագրեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները։