ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 14-ի նիստի օրակարգում էր նաև ընդգրկված մի հարց, որը վերաբերում էր մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում կիրառել:
Օրինագիծը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն ստանալու համար: Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:
Նախագիծը 3 մասից է բաղկացած՝ դրանցից մեկը վերաբերում է թույլատրելի զանգվածը գերազանցած ՏՄ-ների, 2-րդը՝ առանց համապատասխան լիցենզիաների ուղևորափոխադրումներ իրականացրած տաքսու վարորդների, և 3-րդը՝ տաքսիների կողմից վճարվող պետական տուրքին:
«Պետական տուրքի մասով մարդատար տաքսի վարողներին է վերաբերում: Այստեղ փոփոխություն է արվել ԲՀԿ-ի առաջարկով: Տնտեսվարող սուբյեկտը տուրքը վճարելու դեպքում տույժ-տուգանքներից ազատվում, նրան տրվում էր 3 ամիս, որ այդ տուրքը վճարի, այս մասը երկարացվել է 6 ամիս: Օրենքն ընդունելուց հետո այն տաքսու վարորդները, որ պետտուրքը չեն վճարել և դրա համար տույժ տուգանքների են ենթարկվել, կարող են տուրքը վճարել 6 ամսում և ազատվել տուգանքներից», – ասաց Հակոբ Արշակյանը:
Մնացած դեպքերում կիրառված տուգանքները համաներվում են: Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի կողմից:
