«Տաշիր» ընկերությունը արտադրական հզորությունները, տուրիզմը զարգացնելու, նաև երիտասարդական գործարարությունը խթանելու համար նախատեսում է 130 միլիոն դոլարի ներդրում անել։ Այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշել է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
«Տնտեսության զարգացումն անհնար է առանց արտադրական հզորությունների զարգացման, այդ թվում՝ առանց այդ ոլորտում նոր ինովացիոն լուծումների կիրառման։ Նոր հզորությունների զարգացումը ամբողջ տնտեսության շարժիչ ուժն է։ Այն մեծացնում է արտահանման պոտենցիալը, երկրի բնակչությանը ապահովում է աշխատատեղերով։ Այս նպատակի համար հատկացվելու է 50 միլիոն դոլար»,- հայտնել է Սամվել Կարապետյանը։
Կարապետյանը նշել է, որ տուրիզմի ոլորտը մեծ ուշադրություն է պահանջում։ Հայաստանը յուրահատուկ տուրիզմի երկիր է, զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Այդ նպատակների համար կհատկացնենք մոտ 50 միլիոն դոլար։
Հաջորդը, ըստ Կարապետյանի, երիտասարդական գործարարության խթանումն է։
«Կարևոր է չանտեսել նաև երիտասարդ սերնդի նախաձեռնություններին աջակցությունը։ Այդ ծրագրերին կտրամադրենք մոտ 30 միլիոն դոլար»,- եզրափակել է Կարապետյանը։