fbpx
Հասարակություն

Թբիլիսիում նշվել է Կոմիտասի 150-ամյակը

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 25-ին Թբիլիսիի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Պողոս-Պետրոս մայր տաճարում նշվել է հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը, որը կազմակերպվել էր Վիրահայոց թեմի և Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից, Վրաստանում հռոմեական կաթոլիկ Եկեղեցու աջակցությամբ:

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթում նշել է, որ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև:

Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն ևս ողջունել է ներկաներին՝ հայտնելով, որ մեծ սիրով է հյուրընկալում այս կարևոր միջոցառումը։

Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ,արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը:

Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի լարային երաժշտության քառյակի (պրոֆեսոր Էռնստ Առաքելով) և ջութակահար Մարիաննա Ասրիևայի կատարմամբ հնչեց Կոմիտասի ստեղծագործությունները։

Հնչել են նաև շարականներ ու տաղեր, աղոթակիր մեղեդիներ ու Կոմիտասի ստեղծագործությունները Մար Շիմմոնա Բար Սաբբաե ասորի քաղդեական կաթոլիկ եկեղեցու երգչախմբի, Վրաստանի Ավետարանչական- Մկրտական Եկեղեցու «Քորալի երգչախմբի, Վիրահայոց թեմի Մակար Եկմալյան եկեղեցական երգչախմբի կատարմամբ:

Վերջում ելույթ է ունեցել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով, փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական սերն ու բարեմաղթանքը, բարձր է գնահատել թեմի հոգևոր դասի՝ հավատացյալներին ծառայելու նվիրվածությունը, պաշտոնեության պատրաստակամությունը ազգային ավանդույթը և հոգևոր մշակույթը ժողովրդին մատուցելու գործում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ