fbpx
Քաղաքականություն

«Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել հայ ազգի քաղաքական ընտրության հնարավորության արգելափակում», – Երկիր Ծիրանի

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել։

«2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ» անվան ներքո Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել գործող ավտորիտար համակարգի վերբեռնում:

Աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում՝ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի կողմից իրականացվող իշխանության վերբեռնումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում, կեղծ վախեր սերմանելով՝ «ընտրության» անվան ներքո դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել հայ ազգի քաղաքական ընտրության հնարավորության արգելափակում:

Վերբեռնումն ընթացել է Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ`

* իր ռեժիմի սպասարկուների միջոցով և նրանց ռեսուրսների օգտագործմամբ (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի և «ՀՀԿ»-ի միջև ցուցադրելով կեղծ պայքար` հեղափոխական և հակահեղափոխական, սև և սպիտակ, դուխով և խելքով…),

* նախագծված սուպերվարչապետական ավտորիտար քաղաքական համակարգի կանոններով (2015 թվականի ՀՀ Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք),

* ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 անձանց ցուցակով,

* ՀՀ ԿԸՀ-ի ղեկավար Տիգրան Մուկուչյանի հանցավոր մասնակցությամբ:

Գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, կրկնեցին նախորդներին և փաստացի յուրացրեցին օրենսդիր իշխանությունը:

Ավտորիտարիզմի վերբեռնումը տեղի է ունեցել ընտրական ռեգիստրում գրանցված անձանց 50 %-ից էլ պակաս մասնակցությամբ:

Ընտրություններին արցախցիների և օտար երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների չմասնակցելն ու խորհրդարան անցնելու ընտրական բարձր շեմը զրկել են հայ ազգի առավել մեծ հատվածին` Ազգային ժողովում ներկայացված լինելու հնարավորությունից:

Այս իրողությունները մենք գնահատում ենք որպես ավտորիտարիզմի ևս մեկ ժամանակավոր հաղթանակ հայ ազգի հանդեպ:

Հայ ազգի արդար ցասումը արդի պատմության ընթացքում՝ սկսած 88-ից, չի արձանագրել մեր բաժան-բաժան եղած հողի և ազգի իրական միացում:

Ավտորիտարիզմի վերբեռնումը չի լուծելու մեր ազգի և պետականության առջև առկա հրատապ մարտահրավերները` պատերազմը և տնտեսության գահավիժումը:

Ուստի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հայ ազգի համակենտրոնացում (մոբիլիզացիա)՝ Հայկական Մեծ իրական հեղափոխություն իրականացնելու համար», – ասված է հայտարարության մեջ։ 


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ