Tesla Inc. ամերիկյան ավտոարտադրողը հայտարարել է, որ սկսելու է փակել իր բոլոր խանութները և ավտոմեքենաների վաճառքներն իրականացնելու է միայն համացանցի միջոցով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, այդ արտասովոր քայլն ուղղված է ընկերության ծախսերի կրճատմանը, ինչը նրան թույլ կտա նվազեցնել Model 3-ի արժեքը և դրանք վաճառել երկար սպասված 35 հազար դոլար մեկնարկային գնով: Այդ նպատակը Tesla-ն քննարկում էր տարիներով և քանիցս հետաձգում դրան հասնելու ժամկետները, սակայն վաճառքների ռազմավարության մեջ փոփոխությունն անակնկալ է դարձել:
Առցանց-վաճառքներին անցնելը, հավանաբար, էլ ավելի կզայրացնի ամերիկյան ավտոդիլերներին, որոնք մոտավորապես տասը տարի են կորցրել ավտոմեքենաներն ուղղակիորեն ընկերությանը պատկանող խանութների միջոցով վաճառելու Tesla-ի փորձերին դիմակայելու համար: Ավելի քան 100 տարի ավտոարտադրողները հետևում էին ԱՄՆ-ում կողմնակի դիլերների միջոցով վաճառքների մոդելին:
«Վերջին հաշվով դա կդառնա Tesla-ի շատ ուժեղ մրցակցային կողմը,-հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասքը:-Դա կլինի Tesla-ի հիմնարար երկարաժամկետ մրցակցային առավելությունը, որը կարող է անել միայն ստարտապը»: «2019 թվականին մարդիկ պարզապես ցանկանում են առցանց գնել իրերը»,-հավելել է նա: Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նշել է Ի.Մասքը, հեռախոսի օգնությամբ գնումը կետեի մոտավորապես մեկ րոպե: 2018 թվականի վերջի դրությամբ՝ Tesla-ն 378 խանութ և սերվիսային կենտրոն ուներ ամբողջ աշխարհում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: