Հուլիսի 5-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալել էր Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը:
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին հանդես են եկել «Բարեկամության շառավիղներ» խորագիրը կրող համերգով, որը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին:
Ծրագրում հնչել են Ֆ․ Յ․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործություններից:
Համերգի շրջանակում կայացել է նաև Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:
Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ով շնորհավորել է ստեղծագործական այդ նշանակալի իրադարձության կապակցությամբ և մեկ բառով այն բնորոշել՝ «Հաղթանակ»:
Փաստելով, որ այդպիսի հաղթանակները մեզ այսօր շատ են անհրաժեշտ, և դրանք մեզ տանելու են ավելի գլոբալ հաղթանակների, Վահրամ Դումանյանն իր երախտագիտությունն է հայտնել Մաեստրո Մուտիին․ «Միևնույն ժամանակ շնորհակալ և հպարտ ենք, որ Մաեստրո Մուտիի ղեկավարությամբ տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության պրեմիերան: Կարող ենք ասել, որ մշակութային տիեզերքում այսօր ծնվեց մի նոր աստղ, որի լույսը հասնելու է աշխարհի բարձր բեմեր»:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր, դիրիժոր Ռիկարդո Անտոնիո Մուտին պարգևատրվել է «Բարեկամության շքանշանով»:
Հավելենք, որ «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգի աջակիցներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Իտալիայի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները, Վենետիկի հայ մշակույթի