fbpx
Մշակույթ

Մեկնարկում է «Կին» միջազգային XV կինոփառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. նոյեմբերի 15-ին կմեկնարկի «Կին» միջազգային XV կինոփառատոնը: Այն կանցկացվի մինչև ս. թ. նոյեմբերի 19-ը՝ Երևանում:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, ՀԲԸՄ​​ Հայաստանի ​​դահլիճում ​​​(հասցե՝ Մելիք​​ Ադամյան,​​ 2/2)։ Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 52 ֆիլմ՝ 20 երկրից ընդգրկվել են փառատոնի մրցութային ծրագրում:

Արդյունքում կազմվել է փոքրաթիվ, բայց բազմազան և հետաքրքիր ծրագիր, որտեղ յուրաքանչյուր հանդիսատես կկարողանա դիտել որակյալ ֆիլմեր և դրանց մեջ առանձնացնել իր նախընտրածը:

Փառատոնի​​ ծրագրերն ​​են՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը, հյուրերի ծրագիրը, «Չայխանա» միջազգային մուլտիմեդիա հարթակի ծրագիրը, Ամերիկահայ դերասանուհի Ֆլորա Զաբելին նվիրված ռետրոսպեկտիվ և բջջային հավելվածը (նախատեսված անդրոիդ համակարգով բջջային հեռախոսների համար), որն առաջինն է Հայաստանի փառատոնային ոլորտում:

Նոյեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կկայանա Քոննի Բեյսլերի (օպերատոր, Գերմանիա) «Տեսողական լեզուն կինոյում» թեմայով դասախոսությունը:

Նոյեմբերի 17-ին` ժամը 11:00-ին, Թուֆենկյան Հյուրանոցում, Եվրոպական կինոփառատոնի և «Կին» միջազգային կինոփառատոնի շրջանակում Գյոթեի կենտրոնի և Գերմանիայի դեսպանատան հետ համագործակցությամբ կկայանա կլոր սեղան քննարկում «Կանայք ժամանակակից ֆիլմարտադրությունում» թեմայով (մուտքը մասնակիցների և լրագրողների համար):

Նոյեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կկայանա Հասմիկ Գասպարյանի (կինոռեժիսոր, Յորքի համալսարանի դոկտորանտ, Միացյալ Թագավորություններ) «Սինեմատիկ լռության ստեղծումը» թեմայով դասախոսությունը:

Փառատոնի​​ ժյուրիի​​ անդամներն ​​են` Լորի Գորդոն (Մոնրեալի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն և Musi Vision Films-ի հիմնադիր, Կանադա), Նվարդ Հովհաննիսյան («Չայխանա» միջազգային մուլտիմեդիա հարթակի մեդիա մենեջեր,Հայաստան), Քոննի Բեյսլեր (օպերատոր, Գերմանիա), Սիրանույշ Գալստյան (կինոգետ, արվեստագիտության թեկնածու, արձակագիր, Հայաստան), Անուշ Բաբայան («Կինովերսուս» օնլայն ամսագրի համահիմնադիր և գլխավոր խմբագիր, Հայաստան)։ Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, ՀԲԸՄ​​ Հայաստանի ​​դահլիճում ​​​(հասցե՝ Մելիք​​ Ադամյան,​​ 2/2)։ Կինոփառատոնի ​ցուցադրությունների ​​մուտքն ​​ազատ ​​է։

Աղբյուր՝ factor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ