Հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին Հայաստանում տեղի կունենան աննախադեպ մեծ ծավալի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Հուլիսի 22-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն 7 կողմ ձայնով որոշել է փոփոխության ենթարկել իր որոշումներից մեկում, համաձայն որի վերը նշված օրերի փոխարեն ընտրություններ էին նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին:
«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Եվ իհարկե այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը փոխել է մի քանի հանգամանք: ԿԸՀ-ին առաջարկվում է որոշման նախագիծ՝ վերանայել սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների օրերը, մասնավորապես տեղափոխել սեպտեմբերի 26-ի ընտրության օրը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ունենք նորընտիր ԱԺ, որտեղ առնվազն 2 խմբակցություն նոր է, որոնք ունեն պարտավորություն և իրավունք նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ: Եվ կարծում եմ, ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ և այնպիսի ժամկետներ պետք է լինեն, որ խմբակցությունները կարողանան հայտեր ներկայացնել ԿԸՀ, ԿԸՀ-ն-ն կարողանա կազմակերպել դասընթացներ, ամփոփի դրանք»,- ԿԸՀ նիստում հայտարարել է հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
- ԱԺ առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին․ ԿԸՀ
- ԿԸՀ-ն հրապարակել է ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը
Ըստ նրա, վերևում իր նկարագրածը միակ խնդիրը չէ: «Կազմակերպչական բնույթի այլ խնդիրներ ևս պետք է լուծի ԿԸՀ-ն, որ պատշաճ կազմակերպի ՏԻՄ ընտրությունները, որոնք ըստ էության ամենամեծ ՏԻՄ ընտրություններն են, որ երբևէ տեղի ունենում են, սա մեծ փուլն է»,- հավելեց նա:
Որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում է 2021 թվականի սեպտեմբերի 26 եւ հոկտեմբերի 17 բառերը փոխել 2021 թվականի հոկտեմբերի 17 եւ նոյեմբերի 14 բառերով, ընդունվեց միաձայն: