Հրապարակվել է Տիտան սուզանավի կործանման պատճառը

Ամենադիտվածներ

Ենթադրվում է, որ «Տիտան» սուզանավի անձնակազմը մահացել է «աղետալի պայթյունի» հետևանքով։ Պայթյունի դաշտը հայտնաբերել են հեռահար կառավարող մեքենաները, որոնք ուսումնասիրել են մասունքները. «դաշտը համապատասխանում է ճնշման հետևանքով աղետալի կորստի պատկերին», ասվում է ԱՄՆ առափնյա պահպանության հաղորդագրության մեջ:

«Տիտան» սուզանավի անձնակազմի հինգ անդամ, հավանաբար, անմիջապես մահացել է «աղետալի պայթյունի» հետևանքով, երբ այն իջել է «Տիտանիկ» խորտակված նավի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսի մակերևույթից երկու մղոն խորությամբ:

Ըստ The Guardian-ի՝ նավի մի քանի հատվածներ պարունակող մեծ բեկորային դաշտը նկատվել է հինգշաբթի ավելի վաղ հեռակառավարվող մեքենայի միջոցով, որը սանրում էր ծովի հատակը «Տիտանիկ»-ի խորտակման վայրի մոտ՝ Կանադայի Սենտ Ջոնսից (Նյուֆաունդլենդ) 400 մղոն հարավ:

«Մենք անմիջապես տեղեկացրել ենք ընտանիքներին և հայտնել լուրը: ԱՄՆ առափնյա պահպանության և ամբողջ համատեղ հրամանատարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Ես կարող եմ միայն պատկերացնել, թե ինչ է սա նրանց համար»,- ասել է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության ծովակալ Ջոն Մաուգերը։

Հայտարարությունը նշանավորել է լայնամասշտաբ միջազգային օդային և ծովային որոնողական աշխատանքների ավարտը սուզանավի և նրա անձնակազմի համար:

6,7 մ երկարությամբ սուզանավն անհետացել էր կիրակի օրը՝ պլանավորված 11-ժամյա սուզումից մեկ ժամ 45 րոպե անց։

Ռոբոտ սուզվող սարքը ծովի հատակին՝ «Տիտանիկի» խորտակման վայրից գրեթե 480 մ հեռավորության վրա, հայտնաբերել է սուզանավի 5 տարբեր խոշոր մասեր:

Հաղորդվում է, որ հունիսի 18-ին, երբ «Տիտանը» կորցրել էր կապն իրեն ուղեկցող նավի հետ, ԱՄՆ ռազմածովային ուժերը որսացել էին ձայներ, որոնք նման էին պայթյունի, սակայն բարդ էր անմիջապես հստակեցնել՝ ինչ ձայներ են դրանք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կիրակի օրվանից որոնում էին «Տիտանիկ»-ին հասնելիս անհետացած սուզանավը, որի մեջ էին հարուստ մարդիկ: Սուզանավում գտնվող 5 անձինք էին բրիտանացի գործարար և հետազոտող, միլիարդատեր 58-ամյա Հեմիշ Հարդինգը, Պակիստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ 48-ամյա Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդի Սուլեյման Դավուդը, սուզանավը գործարկող OpenGate ընկերության տնօրեն, 61-ամյա Ստոքթոն Ռաշը և ֆրանսիացի ծովային փորձագետ, 77-ամյա Փոլ-Անրի Նարժոլեն, որը հայտնի հետազոտող էր և 35 անգամ սուզվել էր դեպի «Տիտանիկի» խորտակման վայրը:

Ամենաթարմ