Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շրջանցել Կոնգրեսի արգելքը, որ ավարտին հասցնի Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին զենք վաճառելու գործարքներից մեկը, որի ծավալը շուրջ 7 միլիարդ դոլար է։ Այս մասին ներքին աղբյուրներից հայտնի է դարձել ամերիկյան NY Times-ին։
Կոնգրեսականները Սաուդյան Արաբիային զենք վաճառելուն դեմ են այդ երկրի իշխանությունների կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների պատճառով, որոնցից ամենահայտնիներից մեկը Թուրքիայում սաուդյան հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունն էր, ինչը, ըստ որոշ պնդումների, կատարվել էր Սաուդյան արքայազնի անմիջական ղեկավարությամբ։
Մինչ այդ սպանությունը Թրամփը Սաուդյան Արաբիային ընդհանուր ավելի քան 100 միլիարդ դոլարի սպառազինությունների վաճառքի մասին էր պայմանավորվել։ Ու որպեսզի այդ գործարքը կայանա, Թրամփը հայտարարեց, որ եթե իրենք չվաճառեն այդ զենքը, ապա դրանից կօգտվեն Ռուսաստանն ու Չինաստանը։ Պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիան աշխարհում զնեքի խոշորագույն ներկրողն է տարիներ շարունակ, ու Թրամփն ակնարկում էր, որ զենքի պահանջարկը սաուդյանները կբավարարեն չինական ու ռուսական սպառազինություն գնելով։
Այդ ժամանակ Թրամփը վետո դրեց Կոնգրեսի արգելքի վրա ու իրականացրեց զենքի հերթական խմբաքանակի վաճառքը Սաուդյան Արաբիային: Իսկ հիմա, հավանաբար, արտակարգ դրություն կմտցնի նույն բանը անելու համար։