ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հանդես է եկել սպառնալիքով՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը կարող է գրավել Իրանի Խարգ կղզին, որը հանդիսանում է երկրի նավթի արտահանման հիմնական տերմինալը: Ինչպես հաղորդում են CNBC-ն և BBC-ն, Թրամփը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են «լիակատար վերահսկողություն» սահմանել Իրանի նավթագազային ենթակառուցվածքների նկատմամբ՝ որպես օրինակ բերելով Վենեսուելայում իրականացված գործողությունները:
Այս հայտարարությունը հնչել է չորեքշաբթի օրը Իրանի ռազմական օբյեկտների ուղղությամբ իրականացված ավիահարվածներից հետո, որոնց համար, ըստ Թրամփի, ծախսվել է 250 միլիոն դոլարի ռազմամթերք: Լարվածությունը սրվել է Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի կործանումից հետո:
Խարգ կղզին Իրանի նավթային արդյունաբերության կենտրոնն է, որտեղից մինչև ռազմական գործողությունների սկիզբը իրականացվում էր երկրի նավթի արտահանման շուրջ 90%-ը: Չնայած ԱՄՆ ռազմածովային ուժերը արդեն իսկ շրջափակել են Իրանի նավահանգիստները, կղզու ցամաքային գրավումը կլինի հակամարտության նոր փուլ, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային էներգետիկ շուկաների համար, քանի որ Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհի նավթի մատակարարումների մոտ 20%-ը:
Թրամփը, սակայն, Fox News-ին տված հարցազրույցում նաև կասկած է հայտնել՝ արդյոք ԱՄՆ-ն ունի բավարար վճռականություն նման լայնածավալ ռազմական գործողության համար, թեև շարունակում է պնդել իր մտադրությունների լրջությունը:

