Կրթություն

Թումոն ընդլայնվում է Գերմանիայում. գործարկվել է 3-րդ կենտրոնը, ևս 3-ի բացումը՝ շուտով

Tumo Germany

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է իր աճը Գերմանիայում՝ ավելի շատ պատանիների համար հասանելի դարձնելով տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում նորարար կրթական մոդելը։ Գերմանիայի պետական ներդրումային և զարգացման KfW բանկի, ինչպես նաև պետական ու տեղական այլ կազմակերպությունների աջակցությամբ արդեն գործող Բեռլինի ու Մանհայմի կենտրոններին օրեր առաջ պաշտոնապես միացավ Թումո Հիրշայդը։ Նոր կենտրոններ են նախատեսվում նաև Գերմանիայի Լյուդենշայդ, Զաարբրյուքեն և Էսսեն քաղաքներում։

Թումո Հիրշայդը պաշտոնապես բացեց իր դռները հունվարի 31-ին։ Կենտրոն ամեն շաբաթ կարող են հաճախել 500 ուսանող, որոնցից 200-ը հենց առաջին օրվանից արդեն միացել են ծրագրավորման, անիմացիայի, նկարչության, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման, խաղերի ստեղծման, լուսանկարչության և ֆիլմերի ստեղծման ոլորտներն առաջարկող ծրագրին։ Կենտրոնը ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության և KfW բանկի կողմից։ Այն գտնվում է MINT-Zentrum Hirschaid կենտրոնի տարածքում և, շարունակելով յուրահատուկ ինտերիերի թումոյական ավանդույթը, ներառում է հայտնի ավստրիացի ճարտարապետ Թոմաս Հերցիգի դիզայնով փչովի նստարաններ և առաստաղներ։

Թումոյի տարածումը Գերմանիայում սկսվեց Թումո Բեռլինից, որը բացվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այսօր այն դարձել է Թումոյի ամենախոշոր միջազգային կենտրոններից մեկը, ուր շաբաթական հաճախում են 1000-ից ավելի ուսանողներ և ուսումնասիրում նորարական 10 ոլորտներ։ Պատմական Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող և KfW բանկի կողմից ֆինանսավորվող 2000 քառակուսի մետր զբաղեցնող Թումո Բեռլինը դինամիկ կրթական միջավայր է, որը խթանում է նորարարությունն ու ստեղծարարությունը։ Թումո Բեռլինն արդեն իսկ ունի հմուտ ուսանողների և շրջանավարտների համայնք՝ երիտասարդ մրցունակ մասնագետներից կազմված։

Թումո Մանհայմը 2024 թվականի մարտի բացումից հետո հյուրընկալում է շաբաթական 1000 ուսանողի՝ առաջարկելով 8 կրթական ոլորտներ. ծրագրավորում, երաժշտություն, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, գրաֆիկական դիզայն և լուսանկարչություն։ Կենտրոնի առանձնահատկությունը երաժշտական և ձայնագրման նորագույն ստուդիան է, որն արտացոլում է քաղաքի խոր արմատներով երաժշտական ժառանգությունը։ Թումո Մանհայմը հնարավոր է դարձել առանցքային գործընկերների՝ Dietmar Hopp հիմնադրամի, Մանհայմի քաղաքապետարանի, Starkmacher-ի, KfW բանկի և Next Mannheim-ի աջակցության շնորհիվ։

Թումոյի ընդլայնումը Գերմանիայում շարունակվում է 3 նոր կենտրոնների առաջիկա բացումով Լյուդենշայդ, Զաարբրյուքեն և Էսսեն քաղաքներում։ Այս տարածումն ընդգծում է Թումոյի` պատանիների համար կյանքեր վերափոխող ուսումնական փորձառություններ ստեղծելու առաքելությունը, ինչպես նաև ամրապնդում է Հայաստանում ստեղծված ծրագրի հեղինակությունը միջազգային կրթական ասպարեզում։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիներին հնարավորություն է տալիս անվճար ուսումնասիրել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներ: Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ