fbpx
ՏՏ

Տեխնոլոգիական նախագծեր ու կրթական նոր բաղադրիչ Թումո լաբերում

tumo lab

ԵՄ Թումո համալիրի Թումո լաբեր կրթական ծրագիրը տեղական ու միջազգային հեղինակություն ունեցող ՏՏ ընկերությունների` Krisp-ի, GIZ-ի, VXSoft-ի, SpaceChain-ի և OQNI-ի հետ սկսում է միանգամից յոթ նախագիծ մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, եռաչափ մոդելավորման ու բլոկչեյն ոլորտներում և թողարկում է նոր կրթական բաղադրիչ` ինքնուսուցում:

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Թումո լաբերը նպատակ ունի պրակտիկ նախագծերի միջոցով կապել բարձրագույն կրթությունն արդյունաբերության հետ. «Մեր կողմից իրականացվող նախագծերի միջոցով ցանկանում ենք հետաքրքրություն առաջացնել տեխնոլոգիաների, գիտության և ճարտարագիտության ոլորտների նկատմամբ` դառնալով կամուրջ բիզնեսի և երիտասարդ մասնագետների միջև»,- ասում է Թումո լաբերի ղեկավար Բահարե Ֆաթեմին:

Թումո լաբերի նախագծերը նախատեսված են 18 տարին լրացած երիտասարդ մասնագետների և ուսանողների համար: Ընդունելության պայմաններին համապատասխանող բոլոր ցանկացողները կարող են դիմել այս նախագծերին, իսկ այն ուսանողները, ովքեր այժմ չունեն պահանջվող գիտելիքներն ու հմտությունները, կարող են դիմել ինքնուսուցման ծրագրին: Սկզբնական փուլում ինքնուսուցման ծրագիրը կներառի Python և մեքենայական ուսուցում, իսկ հետագայում կհամալրվի նոր ոլորտներով:

«Ինքնուսուցման ծրագիրը ճանապարհ է հարթում գործնական նախագծերին մասնակցելու համար: Այն առցանց կրթական ռեսուրսների ուղեցույց է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին արդյունավետ ձևով օգտվել ամենատարբեր աղբյուրներից` կատարելով թեստեր ու վարժանքներ և ստանալով միավորներ»,- ասում է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Թումո լաբերը տարբեր ընկերությունների և համալսարանների հետ իրականացնում է գործնական նախագծեր, որոնք հետագայում կիրառություն են ստանում առօրյայում: Արդեն հաջորդ ամսվա սկզբին հայկական Krisp ընկերության հետ մեկնարկող երկու նախագծերի ընթացքում ստեղծվելու են տեքստի էմոցիոնալ երանգավորումները հայտնաբերող, ինչպես նաև աշխատանքային հանդիպումների տեքստերն ավոտմատ վերլուծող ու ամփոփ արձանագրություններ կազմող ծրագրեր:

«Աշխարհը վերափոխվում է մեքենայական ուսուցման միջոցով: Մենք այլևս կարիք չունենք համակարգիչներին սովորեցնել, թե ինչպես կատարել բարդ առաջադրանքներ, ինչպիսիք են պատկերի ճանաչումը կամ տեքստի թարգմանությունը: Փոխարենն այժմ մենք ստեղծում ենք համակարգեր, որոնք թույլ են տալիս, որ համակարգիչներն ինքնուրույն անեն այդ բոլոր գործողությունները», – խոսելով այս երկու նախագծերի նորարարական մոտեցման մասին ասում է Krisp-ի ճարտարագիտության գծով տնօրեն Տիգրան Սարգսյանը:

Krisp-ի համագործակցությունը Թումո լաբերի հետ Տիգրան Սարգսյանը համարում է ռազմավարական քայլ, որը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանի ՏՏ էկոհամակարգում` մեքենայական ուսուցման ոլորտում ուժեղ մասնագետներ ձևավորելու համար. «Այս ոլորտը, համեմատած շատ տարածված ավանդական ՏՏ տեխնոլոգիաների հետ, կարող է ֆինանսավորում ներգրավել և զգալիորեն ավելի մեծ շահույթ ապահովել, և հետևաբար օգուտ բերել Հայաստանի տնտեսությանը»:

Թումո լաբերի այս նախագծերին ու ինքնուսուցման մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելեք tumolabs.am կայք, իսկ համագործակցության համար դիմեք այստեղ կամ գրեք eutumocc@tumo.org էլեկտրոնային հասցեին: Թումո լաբերի թիմը միշտ պատրաստ է համագործակցել տեխնոլոգիական ընկերությունների հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ