«Թուրքական հոսք» գազատարի աշխատանքի մեկնարկը տրված է։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում։ Մեկնարկը տվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ներկա են եղել նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
«Սա եզակի, իր չափերով աննախադեպ խորջրյա գազատար համակարգ է»,-նշել է Պուտինը արարողության ժամանակ։
Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը զարգանում է առաջանցիկ տեմպերով, անկախ այն բանից, որ միջազգային մի շարք խաղացողներ փորձում են խանգարել այդ գործընթացին։ Պուտինն առանձնապես նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանն առջևում դեռ տարբեր նախագծեր ունեն։
«Մենք ձեզ հետ միասին ապրում ենք բարդ աշխարհում։ Մեր տարածաշրջանում նկատվում են իրավիճակի սրման միտումներ։ Իսկ ահա Թուրքիան և Ռուսաստանը ցուցադրում են միանգամայն այլ օրինակներ՝ փոխգործակցության և համագործակցության՝ ի շահ մեր ժողովուրդների և ողջ Եվրոպայի ժողովուրդների»,-ասել է նա։
«Թուրքական հոսքով» գազը Ռուսաստանից կմատակարարվի թե՛ Թուրքիային, թե՛ Եվրոպայի երկրներին։
Ըստ գազատարի նախագծի՝ այն բաղկացած կլինի երկու ճյուղից՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ։ Առաջին ճյուղով վառելիքը կմատակարարվի Թուրքիային, երկրորդով՝ Եվրոպային։
«Թուրքական հոսքը» անցնում է Սև ծովի հատակով։ Երկարությունը մոտ 1100 կիլոմետր է։