Թուրքիան խստորեն դատապարտել է Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) «Եվրամիությունը, Թուրքիան, Մերձավոր արևելքն ու քրդերը» խորագրով 16-րդ գիտաժողովի անցկացումը: Պատճառն այն է, որ ըստ թուրքական կողմի՝ գիտաժողովին մասնակցել են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցության-ՔԲԿ) կամ YPG-ի (Սիրիայի քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր-ԺՊՈւ» բարձրաստիճան անդամներ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է. «Եվրամիության կողմից ևս ահաբեկչական հայտարարված PKK-ի բարձրաստիճան պարագլուխներին Եվրախորհրդարանում անցկացվող միջոցառմանը մասնակցելու թույլտվություն տալը և այդ միջոցառման ժամանակ տվյալ ահաբեկչական կազմակերպությունների օգտին քարոզչություն անելը նշանակում է բացեիբաց աջակցել ահաբեկչությանը»:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ԵՄ անդամ երկրներին ու ԵՄ կառույցներին կոչ է արվում «վճռաբար ընդդիմանալ ահաբեկչական կառույցներին և վերջ տալ ահաբեկիչներին թև ու թիկունք լինելուն»:
Թուրքական կողմի տեղեկացմամբ՝ վերոնշյալ գիտաժողովին մասնակցել են PKK-ի հետախուզվող անդամներ, որոնց հետ միասին միջոցառմանը մասնակցել և հակաթուրքական ու հակաէրդողանական ելույթներով հանդես են եկել մի շարք եվրապատգամավորներ: