Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում 1 թուրք զինվորական է մահացել, 3-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է CNNturk.com-ը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, հրետանավոր, սերժանտ Ահմեթ Թոփչուն տանջալի մահի է արժանացել: Թուրքիայի պաշտպանության նախարարը ցավակցական ուղերձ է հղել:
Նախարարը նշել է նաև, որ հակառակորդի կորուստների թիվը հասել է 277-ի:
Քրդերը պատասխանում են իրենց դեմ Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը։
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։