fbpx
Իրավական

Ունեցանք նոր տեղեկություններ, դրանցով հարուցվեց քրեական գործ. Արթուր Դավթյանը՝ Միհրան Պողոսյանի գործի մասին

Այսօր՝ Հակակոռուպցիոն հարցերով համաժողովից հետո, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ 2017 թվականին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց, և այն վերաբացվեց միայն հեղափոխությունից հետո՝ 2019-ի հունվարին, ասաց .

«Շատ լավ, հիմա նաև դա պարզաբանեմ՝ բազում առիթներ եմ ունեցել ասելու՝ քրեական գործով այս կամ այն որոշում կայացնելու հիմքերը գործում առկա փաստական տվյալներն են։ Նույն Միհրան Պողոսյանի վերաբերյալ, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, վերջերս հրապարակվեց նրա նոր մեղադրանքի շրջանակը, այսպես կոչված, եթե նկատեցիք՝ մենք այնտեղ նաև ունեինք հանցագործության դրվագներ, որոնք նախկին հարուցված քրեական գործի շրջանակներում չէին եղել։ Այսինքն՝ ի՞նչ տեղի ունեցավ, ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, դրանցով հարուցվեց քրեական գործ, և այդ քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերվեցին նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես դրանց հիման վրա վերացնեմ նախկինում կայացված որոշումը»։

Հնչեց նաև այսպիսի հարց, թե արդյո՞ք չի խոստովանում, որ հեղափոխությունից հետո ավելի անկաշկանդ է գործում, ինչին ի պատասխան գլխավոր դատախազը պատասխանեց.

«Խոստովանություն բառը սխալ եք ընտրել, չի եղել որևէ ճնշում, որևէ հրահանգ, դա եղել է բացառապես քրեական գործի փաստական տվյալներով պայմանավորված։ Այսօրվա որոշումն էլ էլի պայմանավորված է փաստական տվյալներով»։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է, որպես մեղադրյալ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ