fbpx
Կառավարություն
18:00 23/01/2020

Ունենք գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային․ վարչապետ

Չօգտագործվող հողերի վարձակալության վերցնելու և այլ մեխանիզմների հետ ու արդեն հստակ այդ գաղափարները իրագործվելու ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր խնդիր ունենք և հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային և այդ հողերի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, խնդրենք, համոզենք, որ վարձակալության տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են մշակել»,-նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ հիմա մտածում են այսպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի և հողի կատեգորիաների՝ սահմանվի հողի վարձակալության պետական գին, լինի օրենսդրական կարգավորում, որ երբ մի հող երկար ժամանակ չի օգտագործվում և՛ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում է, և՛ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում չէ:

«Մենք օրենքի ուժով այդ հողը վերցնենք մարդուց վարձակալության համար, իրեն վճարենք վարձակալության վճար, և պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել, այսինքն՝ սրա արդյունքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ այդ ընթացքում սեփականատիրոջը վճարելով որոշակի վարձակալության վճար»,-հավելեց նա:

Չնայած դրան՝ վարչապետը նշեց, որ այդ առումով կադաստրի որոշակի խնդիրներ կան:

«Այսօր մենք հանրապետությունում հողերի սեփականաշնորհման որոշ հետևանքների հետ ենք բախվում, որոնք ռեալ խոչընդոտում են տնտեսության զարգացմանը»,-ասաց վարչապետը և պարզաբանեց, որ հողերն ահավոր կտրված են և օրինակ՝ քսան հեկտար հող չկա:

Վարչապետը հավելեց, որ այս կարգի լուրջ խնդիրներ կան, որոնք մանրակրկիտ նյարդային աշխատանք են պահանջում և կարևորեց հանրության հետ մշտական երկխոսությունը:

«Ես կարծում եմ, որ այս պրոցեսները պետք է արվեն 100 տոկոս թափանցիկ, երբ փակ քննարկումների արդյունքում 0 պայմանական տեղեկացվածությունից հասնում ենք 100 տոկոս տեղեկացվածության և այդ քննարկումներով կիսվում ենք հանրության հետ, առաջին ռեակցիան սուր է լինում»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ սա տասնյակ հազարավոր մարդկանց շահերի հետ է կապված, և պետք է կոմպրոմիս գտնեն, բայց նաև պետք է հասկանան, որ դժվար լուծումների անհրաժեշտություն ունենալու են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ