fbpx
Առողջապահություն

Ուռուցքաբանության կենտրոնի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգնման պահանջով

ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակոաբդոմինալ բաժանմունքի նախկին վարիչ Գագիկ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել բուժհաստատության դեմ: Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Նախկին բուժաշխատողը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ղեկավարի հրամանը, իրեն վերականգնել աշխատանքի և բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը:

Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է հոկտեմբերի 30-ին:

Armtimes-ը հիշեցնում է, որ ուռուցքաբանության կենտրոնի բուժաշխատող Գագիկ Համբարձումյանին տնօրենի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը շաբաթներ առաջ ազատել էր աշխատանքից՝ քաղաքացիներից մեկի բողոք-դիմումի պատճառով: Ըստ այդ դիմումի, Համբարձումյանը ապօրինի 400.000 դրամ էր վերցրել պացիենտի հարազատներից: Դիմումը ղեկավարությանը ներկայացվելուց հետո Համբարձումյանը գումարը վերադարձրել էր:

Բժշկին աշխատանքից ազատելուց հետո ուռուցքաբանության ազգային կենտրոնում տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Գագիկ Համբարձումյանի որդին՝ Վահագն Համբարձումյանը, որը ևս այդ կենտրոնի աշխատակիցներից է, տնօրենի պաշտնոկատարից հաշիվ էր պահանջել՝ հորն աշխատանքից ազատելու համար: Նա հայհոյանքներ էր ուղղել Մանուկյանի հասցեին, փորձել հարվածել նրան, ինչը վերաճել էր կռվի:

Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել էր ոստիկանություն:

«Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի», – կատարվածին արձագանքել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ Գագիկ Համբարձումյանն ազատվել է աշխատանքից տնօրենի իրավաչափ որոշմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ