Իրավական
21:40 04/07/2019

Վահե Գրիգորյանն ինքնակոչ է. Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր, իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանը «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր և կանաչ գծեր» կոնֆերանսում իր ելույթի ժամանակ ասել է, որ եթե իշխանությունները շահագրգռված են դատական անկախ համակարգի ստեղծմամբ, պետք է հրաժարվեն սահմանազատիչ գծերից և ղեկավարվեն մասնագիտական հատկանիշներով։

Պատգամավորը հարց է տվել. իսկ ո՞վ է ապացուցել, որ դատավորներն անլեգալ են։ «Այդ տերմինի տակ ես հասկանում եմ կամ անօրինական նշանակում, կամ անօրինական գործողություններ։ Եթե կան կոնկրետ գործողություններ, պետք է հետաքննել կոնկրետ գործողությունները, ոչ թե կաթվածահար անել ողջ դատական համակարգը մի երկու դատավորի պատճառով»,- ասաց պատգամավորը։ Նրա խոսքով՝ հավանաբար բարձր մակարդակով իշխանությունները որոշել են իրենց ձեռքը վերցնել նաև դատական իշխանությունը գործադիրից և օրենսդրականից բացի։ Նրանց կարծիքով՝ հեղափոխությունը չի ավարտվել, այլ կավարտվի, երբ դատարաններն ու դատախազությունը համալրվի նրանցով, ովքեր քայլել են նրանց հետ, նշել է Պետրոսյանը։ Պատգամավորն ընդգծել է, որ քաղաքական ուժերի հարաբերակցությունը չպետք է անդրադառնա դատարանների վրա։

«Եթե ամեն մի իշխանություն փորձի դատարաններում ներդնել իրենց մարդկանց, դա նշանակում է՝ վերջը եկել է։ Պետք է ավելի բարձր լինել, չփորձել քեզ համար հաճելի դատավորներ ունենալ։ Սա ի՞նչ սուբյեկտիվ մոտեցում է՝ վստահություն չի ներշնչում։ Այսպես վերաբերվել դատական համակարգին և սպասել արդար դատարանի՝ չարժե»,- նկատել է Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ երկրից հեռանում են այդ թվում անարդարության անբավարարության պատճառով։

Գևորգ Պետրոսյանն ընդգծել է, որ դատարանների և դատավորների հասցեին հայտարարությունները, փակելու կոչերը ոտնձգություն են դատական համակարգի դեմ։ «Վաղը կառաջարկեն փակել դատախազությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ երկրում կադրային կոռուպցիա է. մարդիկ , որոնք չեն ծանրաբեռնել իրենց մտածողական օրգանը, բայց փոխարենը գիտեցել են քայլել, երբեմն էլ՝ վազել ու փրկվել փախուստով, նշանակվում են կարևոր պաշտոնների, և դա կործանման տանող ամենակարճ ճանապարհն է։

Խոսելով ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի թեթև ձեռքով առաջ եկած խնդրի մասին՝ Գևորգ Պետրոսյանը նրան ինքնակոչ անվանեց։ «Հրայր Թովմասյանը իմ խնամին չէ, ոչ էլ եղբայրս, բայց նա ՍԴ միակ լեգիտիմ ղեկավարն է։ Իսկ ո՞վ է ասել, որ Վահե Գրիգորյանը վստահություն է ներշնչում։ Ինձ որ բոլորովին չի ներշնչում»,- ասել է Պետրոսյանը։ Պատգամավորն ընդգծել է, որ եթե այսօրվա իշխանությունը կրկնի նախորդի սխալները, դա նշանակում է, որ փոխվել են եկեղեցիներն ու իշխանները, իսկ հեղափոխություն չի էլ եղել։ «Առայժմ ցանկանում եմ հավատալ, որ եղել է, բայց հավատը պետք է իմաստավորված լինի։ Հայաստանի գլխավոր խնդիրը դատական համակարգը չէ։ Ես դեմ եմ, որպեսզի կոտրեն՝ չունենալով երաշխավորված այլընտրանք»,- ասել է Պետրոսյանը՝ ավելացնելով, որ ներդրումներ երկրում չկան, իսկ կյանքի կանխատեսելիությունը զրոյի վրա է։ Այս մասին է պետք մտածել, ոչ թե դատավորները փոխելու, ասել է պատգամավորը։

Աղբյուրը՝ news.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ