fbpx
Իրավական

Վալերիյ Օսիպյանը պահանջել է կանխել սեփական անձը օրենքից վեր դասելու և հանրությանը պարտադրելու ցանկացած հնարավորություն:

Նոյեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մասնակցում էին Քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ղեկավարներն ու օպերատիվ անձնակազմերը: Վալերիյ Օսիպյանն անդրադառնալով ծառայության հրատապ ու ռազմավարական խնդիրներին` ընդգծել է, որ նրանք ոստիկանության առանցքային ստորաբաժանումներից են, որոնց արդյունավետ ծառայությամբ է պայմանավորված հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների և գործունեության այլ ուղղությունների արդյունավետությունը:

Ոստիկանության պետը պահանջել է անզիջում լինել հանցավորության ցանկացած դրսևորման, հատկապես կոռուպցիոն, հանրային համակեցության կանոնների խախտման, քաղաքացու իրավունքների, կյանքի և առողջության, գույքի անձեռնմխելիության հանդեպ ոտնձգության երևույթների դեմ պայքարում: Ծառայությունների ամենօրյա խնդիրների առարկայական քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանն ընդգծել է ոստիկանության դերն առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում: Կարևորվել է քրեածին իրավիճակի կայունության պահպանման, քրեական հակումներ ունեցող տարրերի` ընտրական գործընթացներին միջամտելու հնարավորության բացառման, կրիմինալ իրավիճակն ամենօրյա աշխատանքով վերհսկելի պահելու անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը պահանջ է դրել լինել հետևողական և արմատախիլ անել ընտրակաշառքի ցանկացած փորձ, ցանկացած ընտրախախտում, այսպես կոչված` թաղային հեղինակությունների ցանկացած ինքնադրսևորում, կանխել սեփական անձը օրենքից վեր դասելու և հանրությանը պարտադրելու ցանկացած հնարավորություն:

Աղբյուր՝ factor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ