Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմին ներկայացրեց ոստիկանության զորքերի նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանին:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական ծառայության գծով տեղակալ Սամվել Հակոբյանին՝ ծառայության համար:
Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը ոստիկանության համակարգում է 2003 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ տեսուչից մինչև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Մայիսի 22-ին նա ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:
ՀՀ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանատարությամբ ոստիկանության զորքերն էլ ավելի մարտունակ ու սրտացավ ծառայություն կիրականացնեն թե՛ պետական սահմանին և թե՛ հասարակական կարգը պահպանելիս:
Հանդիպմանը քննարկվեցին նաև ոստիկանության զորքերի ծառայությանը վերաբերող հարցեր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։