Երեկ՝ փետրվարի 14-ին, խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 52-ամյա Արիստակես Ալեքյանը և հայտնել, որ փետրվարի 13-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, մուտքի դռան փականը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի միջից գողացել մետաղական չհրկիզվող պահարանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Պողոսյանի գլխավորությամբ: Տուժած Ա. Ալեքյանը իրավապահներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել են մոտ 20 հազ. դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և մոտ 2000 ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Աղբյուրի տեղեկություններով, Ա. Ալեքյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: