Այսօր լրանում է Հատուկ քննչական ծառայության պետի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ աղմկահարույց գաղտնալսման հրապարակման մեկ տարին, սակայն իրավապահ համակարգը լռում է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` գաղտնալսման մասով հարուցված քրեական գործը բացահայտվել է, սակայն իրավապահներն ու իշխանությունները լռում են:
Իրավապահ մարմինները հիմնավորել են, որ ուժային կառույցների և վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից մեկից, և հայտնի է, թե կոնկրետ ով կամ ովքեր են այն արել: Ասել է թե` գործը ամբողջությամբ բացահայտվել է:
Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները և իշխանությունները լռում են` հնարավոր ներքաղաքական բախումներից խուսափելու և երկրում անկայուն վիճակ ստեղծելու հեռանկարից ելնելով:
Հիշեցնենք մեկ փաստի մասին ևս. գաղտնալսման հրապարակումից հետո պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին: Ի թիվս այլ հարցերի` Սասուն Խաչատրյանը նաև մի շարք բացահայտումներ արեց Մարտի 1-ի թեմայով, որոնք առավել շիկացրին առանց այդ էլ զգացմունքային թեման:
ՀՔԾ պետը հայտարարել էր. «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ հստակ: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի»:
Այս հայտարարությունից ևս անցել է մեկ տարի, և եթե ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ապա ի՞նչ է արել նախաքննական մարմինը մեկ տարի անց, ինչո՞ւ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ. եթե առաջադրված է, ապա ինչո՞ւ այն չի հրապարակվում: Այս հարցերի պատասխանը ստանալու նկատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժին և սպասում ենք վերջիններիս պատասխանին: Պատասխանի դեպքում պատրաստ ենք հրապարակել այն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: